«Նորմա՞լ է, որ Telcell-ն ունենա մեր ՊՆ-ի ու ԱԱԾ-ի աշխատակիցների տվյալները». Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կեղծ են այն տեղեկությունները, թե թոշակառուները տոմսային նոր համակարգով երթևեկելու են անվճար, նրանք երթևեկելու են այլ սակագնով։
«Եկեք մի բան ֆիքսենք, զեղչ չկա, քաղաքի ավագանին զեղչեր սահմանելու լիազորություններ չունի։ Այդ կեղծ կատեգորիայով գումարը թանկացնում են, մարդկանց վրա ծախսում են՝ որպես լավություն։ Իրենք սահմանել են սակագներ, թոշակառուների ու մյուսների համար։ Նույն տրամաբանությամբ իրենք կասեն՝ գիտե՞ք ինչ կա՝ մենք սահմանել էինք գինը 1000 դրամ, բայց շարքային քաղաքացու համար այդ գումարը դրել ենք, օրինակ, 300 դրամ։ Սա այն անբարոյական վաճառականների սկզբունքն է, էլի»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ հարցեր է հնչեցրել այս խնդրի հետ կապված՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ներկայացնելով «ԹելՍելի», անվտանգության և այլ խնդիրներ՝ ակնկալելով նրանից ուղիղ պատասխան։
«Հարցը, որը տալիս եմ, Մեսրոպ Մանուկյանը չի տալիս, այդ հարցը տալիս է ժողովուրդը, այդ հարցը տալիս է 630.000 կամ ավելի շատ ուղևորները, որոնք ամեն րոպե օգտվում են հանրային տրանսպորտից։ Այս բեռն ավելի շատ զգալու են մարզերից եկած մեր համաքաղաքացիները, որովհետև իրենք ամեն անգամ Երևան գալուց վճարելու են կոնրետ աստղաբաշխական գումարներ։
Հիմա ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով կամ իր փոդքաստով անդրադառնա այդ խնդրին, ասի, թե քաղաքացու վրա ի՞նչ բեռ է առաջանում։ Կամ՝ ասի, որ այսքան ուղևորահոսքից այսքան գումար է առաջանում, սա ապաշնորհ քաղաքականության, թալանի արդյո՞ւնք է, թե՞ օրինակի համար չեն հասկանում, թե ինչ է, թե՞տեղում չեն։ Ակնկալում եմ ստանալ այս պատասխանները, օրինակ, «ԹելՍելը» որ ձախողել է, սրա պատասխանատվություն կրողն ո՞վ է։
«ԹելՍելը» չարիք է, բերել, փաթաթել եք մեր վզին, դրա պատասխանատվություն կրողն ո՞վ է։ Ես բարձրացնում եմ ազգային անվտանգության հարց, ասում եմ՝ ՊՆ աշխատակիցը ու նրա ընտանիքի անդամները պետք է օրենքով սահմանված անվճար օգտվեն։ Նորմա՞լ է, ժողովուրդ, որ «ԹելՍելը»-ին՝ օֆշորում գրանցված ինչ-որ մի հատ ընկերության, տրամադրեն մեր ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի տվյալները»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ՝ հանրային տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված, սակայն նիստը չկայացավ, քանի որ իշխող ՔՊ խմբակցությունն այն բոյկոտել էր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում