
Պաղեստինի ճանաչումը որպես պետություն Հռոմի նպատակն է. Իտալիայի ԱԳ նախարար

Իտալիայի նպատակն է հասնել Պաղեստինի ճանաչման՝ որպես պետություն։ Բացի այդ, Հռոմը պատրաստ է մասնակցել հնարավոր խաղաղարար առաքելությանը: Այս մասին Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է La Stampa թերթին տված հարցազրույցում։
«Այո, մեր ճանապարհը տանում է այնտեղ, բայց դա ժամանակ կպահանջի, քանի որ Պաղեստինը պետք է ճանաչվի նաև Իսրայելի կողմից, և նա, իր հերթին, պետք է ճանաչի Իսրայելը: Միակողմանի նախաձեռնությունները, որոնք ես մինչև այժմ տեսել եմ առանձին երկրների կողմից, չեն ծառայում ո՛չ Պաղեստինին, ո՛չ խաղաղությանը», – հայտարարել է նա՝ պատասխանելով Պաղեստինի ճանաչման վերաբերյալ հարցին:
Տայանին, որը հունվարի 20-ին մեկնել է Իսրայել և Պաղեստին, խոսել է խաղաղարար առաքելության մասին՝ նշելով, որ այն «սկզբնական փուլում է», բայց Իտալիան «պատրաստ է մասնակցել որոշակի զորակազմով»։«Ավելի ընդհանուր առումով մեզ անհրաժեշտ է եվրոպական ներկայություն Մերձավոր Արևելքում: Իսկ Պաղեստինում Եվրոպան կարող է իր դերը խաղալ, եթե երկու կողմերի համար ընդունելի համաձայնություն ձեռք բերվի», – ասել է Իտալիայի ԱԳ նախարարը։