
Աշխարհի միլիարդատերերի կարողությունը 2024 թվականին աճել է 2 տրիլիոն դոլարով

Աշխարհի բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունը 2024 թվականին աճել է 2 տրիլիոն դոլարով, ինչը երեք անգամ ավելի արագ է 2023 թվականի համեմատությամբ։ Այդ մասին ասվում է Oxfam միջազգային բարեգործական և հումանիտար կազմակերպության զեկույցում։
«Մեր գլոբալ տնտեսության ընդգրկումն արտոնյալ փոքրամասնության կողմից հասել է բարձունքների, որոնք մի ժամանակ աներևակայելի էին համարվում: Միլիարդատերերին կանգնեցնելու անկարողությունն այժմ ծնունդ է տալիս ապագա տրիլիոնատերերի:
Արագացել են ոչ միայն միլիարդատերի կողմից հարստացման կուտակման տեմպերը՝ երեք անգամ, այլև աճել է նրանց իշխանությունը», – ասել է Oxfam-ի գործադիր տնօրեն Ամիտաբհ Բեհարը:
Կազմակերպության վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին միլիարդատերերի թիվը աճել է՝ 2565-ից հասնելով 2769-ի։ Տասներկու ամսվա ընթացքում նրանց ընդհանուր կարողությունը 13 տրիլիոնից հասել է 15 տրիլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 1990 թվականից ի վեր գործնականում չի փոխվել, պարզաբանում են կազմակերպությունում։ Այդ միտումը սպառնում է համաշխարհային հանրությանն այն բանով, որ միլիարդատերերի ձեռքին է կենտրոնանում իշխանությունը, ինչը նրանց թույլ է տալիս ազդել արդյունաբերության և հասարակական կարծիքի վրա, ինչպես նաև ստեղծել մենաշնորհներ:
Կազմակերպությունում կարծում են, որ աշխարհում աճող անհավասարության կրճատման համար անհրաժեշտ է ամենուր բարեփոխել հարկային քաղաքականությունը։ Առանձին ուշադրություն է դարձվում այն փաստին, որ միլիարդատերերի կեսն ապրում է այն երկրներում, որտեղ ուղղակի ժառանգների համար ժառանգության հարկ չկա։
Այս գործոնը նպաստում է արիստոկրատիայի ձևավորմանը, որն իր հերթին մեծացնում է կապիտալի անհամամասնությունը գլոբալ Հարավի և Հյուսիսի միջև, ասված է զեկույցում: