Կա երկու սցենար՝ զիջումներ կամ պատերազմ, երկուսի արդյունքում էլ Հայաստանն էապես տուժելու է․ Արման Գրիգորյան

Այն, որ Ալիևը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու որևէ մտադրություն չուներ, օբյեկտիվորեն պարզ էր նույնիսկ իր վերջին աղմկահարույց հարցազրույցից առաջ։

Այսինքն, արդեն այն ժամանակ չէր կարելի պատրանքներ ունենալ։ Ցավոք, իշխանությունները և նրանց նվագակցողները ոչ միայն իսպառ կորցրել են օբյեկտիվ իրականությանը նայելու կարողությունը, այլև պարզապես զբաղված են ինչ-որ անհասկանալի քարոզչությամբ։ Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրն» իրենց օրակարգն է եղել և ունի միայն ու միայն ներքաղաքական իմաստ։ Թեև Ալիևի հայտարարությունից հետո նույնիսկ պատրանք ունենալ չէր կարելի, իշխանությունը շարունակելու է այդ պատրանքը հրել մեր ժողովրդի վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

«Իշխանությունը շարունակելու է պնդել, թե իբր «խաղաղության օրակարգը» դեռևս կա, այն հաջող է ընթանում, իրենք էլ նվիրված են մնում այդ օրակարգի հաստատմանը։ Կպնդեն, թե ամբողջ խնդիրն իրականում Հայաստանն է եղել։ Եթե նույնիսկ իրենք Ալիևի որակման հետ համաձայն չեն, իրենց շատուշատ մեկնաբանություններ, թե ով է մեղավոր այս թշնամանքի համար, մեզ են ուղղված։ Ասում են՝ ժամանակին Արարատը մեր խորհրդանիշն է եղել, Արևմտյան Հայաստանի մասին ենք խոսել, և եթե ձերբազատվենք այդ պատումներից, պատմական ավանդույթներից ու ժառանգությունից, ամեն ինչ տեղը կընկնի։ Այս մարդկանց մտածելու, քաղաքական իրողությունները գնահատելու կարողությունները հարցական են, բայց եթե նույնիսկ նրանք այդ կարողությունն ունեն, սա արդեն ներքին քաղաքական իմաստ է ձեռք բերել։ Իրենք իրենց ամբողջ քաղաքական վարկը ներդրել են այդ օրակարգի մեջ»,- ասաց քաղաքագետը:

«Իշխանությունը պիտի համոզի ժողովրդին, թե իբր խաղաղության ծրագիր կա, և իրենց բոլոր ընդդիմախոսներն ու հակառակորդները պատերազմի հրձիգներ են։ Ասում են՝ եթե մյուսները գան իշխանության, պատերազմ են բերելու, և իբր միայն իրենք են խաղաղություն պարգևելու։ Սա է նրանց վարքագծի ամբողջ իմաստը։ Սա նաև տեղավորվում է նրանց ավելի մեծ և հիմնական օրակարգի մեջ, այն է՝ երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելը։ Իրենք էլ են հասկանում, որ եթե խոսքն իրական խաղաղության մասին է, դա լինելու է տարածաշրջանում՝ Ռուսաստանի մասնակցությամբ և միջնորդությամբ։ Բայց քանի որ նրանք կարծես թե անվերադարձ որոշել են փոխել երկրի կողմնորոշումը, գտնել նոր գործընկերներ, անվտանգության նոր համակարգ, գնում են այդ ուղղությամբ՝ առանց հետ նայելու։ Չնայած Ալիևի սպառնալիքներին և հայտարարություններին՝ անընդհատ խաղաղությունից խոսելը նաև սրա հետ է կապված»,- նշեց Գրիգորյանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ բոլոր սցենարները մեկ վատ սցենարի տարբեր դրսևորումներ են. «Կա՛մ զիջումները լինելու են առանց պատերազմի, բայց Հայաստանը գնալով կորցնելու է իր ռազմավարական նշանակությունը, մեր շահերին անհամապատասխան զիջումներ և քայլեր են արվելու, ինչը մեզ դնելու է ավելի խոցելի ու կրավորական վիճակում, կա՛մ դա տեղի է ունենալու պատերազմով։ Կարելի է քննարկել, թե այդ երկու սարսափելի տարբերակներից որն է ավելի վատը, բայց իրականում մեծ տարբերություն չկա։ Դրանց երկուսի արդյունքում էլ Հայաստանը՝ որպես պետություն, միջազգային իրավունքի և տարածաշրջանային հարաբերությունների սուբյեկտ, ավելի է կորցնում նշանակությունը»:

«Ի՞նչ սցենարների հետ կարող ենք բախվել, և ի՞նչն էր Մեդվեդևի հայտարարության ակնարկն ու իմաստը։ Ռուսները երկար ժամանակ խուսափել են ավելի հստակ և սպառնալից հայտարարություններ անելուց։ Վստահաբար՝ հետնաբեմում արել են, բայց բաց տեքստով խոսելուց սովորաբար խուսափել են։ Վերջին օրերին նման հայտարարություններ արել են, օրինակ՝ Օվերչուկը, երբ ՀՀ կառավարության նիստի օրակարգում ԵՄ-ին դիմելու օրինագիծն էր։ Ռուսներն Օվերչուկի բերանով փորձեցին բացատրել, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, եթե այս իշխանությունը նման քայլ անի»,- ամփոփեց Արման Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս