«Բաքվում «դատապարտվում» ու նվաստացվում է մեզնից յուրաքանչյուրը». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բաքվում «դատապարտվում», նվաստացվում ու խոշտանգվում է մեզնից յուրաքանչյուրը, որովհետև այնտեղ գտնվողները ներկայացնում են մեզ, մեր հավաքական արժանապատվությունը, պայքարն ու ձախողումները:
Եթե չեք կարող կամ ցանկանում որևէ կերպ աջակցել հայ պատանդներին ազատելու ջանքերին, ապա գոնե մի՛ արեք հետևյալ վտանգավոր գործողությունները՝
1. Մի՛ տարածեք ադրբեջանական կեղծ ու վիրավորական թեզերը.
2. Մի՛ տարածեք մեր պատանդներին նվաստացած վիճակում ցուցադրող լուսանկարներն ու տեսանյութերը.
3. Մի՛ վիրավորեք կամ այլ կերպ թիրախավորեք մեր պատանդներից և ոչ մեկին.
4. Մի՛ քննադատեք մեր պատանդներին, եթե հանկարծ կտեսնեք կամ կլսեք նրանց որևէ հայտարարություն, քանի որ նրանք այդ վիճակում ազատ են ասելու ցանկացած բան, միայն թե վերադառնան Հայրենիք, իսկ ալիևյան ֆաշիստական քարոզչամեքենան էլ կարող է կեղծել ցանկացած փաստ:
Համբերություն, ողջախոհություն ու հավաքական արժանապատվություն բոլորիս»: