Փարիզ քաղաքը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին. Փարիզի քաղաքապետ
Հունվարի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին։Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերը, ինչպես նաև՝ վերջինիս բազմաթիվ հանրային նախաձեռնությունները:
Քաղաքապետ Հիդալգոն վերահաստատել է իր ու Փարիզի քաղաքային խորհրդի հանձնառությունը նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը: Ընդգծել է, որ Փարիզ քաղաքը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:
Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումներին, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Երևան-Փարիզ երկարամյա գործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: