
Լոս Անջելեսում 27 մարդու կյանք խլած անտառային հրդեհները շարունակվում են

Լոս Անջելեսում արդեն 10 օր մոլեգնող անտառային հրդեհները մարելու գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դրանք դեռ շարունակվում են։ Ավելին, օդերևութաբանները և իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթվա սկզբին ևս վտանգավոր ուժգին քամիներ են սպասվում, որոնք կարող են բորբոքել կրակը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հրդեհների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել։
Ավելի քան 170 000 մարդու հրահանգել են պատրաստվել տարհանման։ Իսկ բազմաթիվ բնակիչներ, որոնք ցանկանում են վերադառնալ և տեսնել՝ ինչ վնաս է հասցրել կրակն իրենց տներին, դեռ պետք է ևս մեկ շաբաթ սպասեն, քանի որ վտանգավոր նյութերը դեռ հեռացվում են։ Մասնագետները CNN-ին հայտնել են, որ ամիսներ կպահանջվեն, մինչև պարզվի, թե ինչպես են սկսվել երկու խոշոր հրդեհները։