ՎԶԵԲ-ը 2024 թվականին Թուրքիայում ռեկորդային ներդրում է կատարել
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2024 թվականին Թուրքիայում ռեկորդային՝ 2.6 միլիարդ եվրո ներդրում է կատարել, ինչը 4%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ըստ ermenihaber.am-ի՝ սա Թուրքիային հինգերորդ տարին անընդմեջ դարձրել է ՎԶԵԲ-ի խոշորագույն ներդրումային ուղղությունը։
Ռեկորդային ներդրումը պայմանավորված էր Թուրքիայի՝ կանաչ վերափոխմանն ուղղված միջոցներով և երկրաշարժից տուժած շրջաններին շարունակական աջակցությամբ։
2.6 միլիարդ եվրոյի մոտ 60%-ը հատկացվել է կանաչ վերափոխման ծրագրերին, մինչդեռ բանկի՝ 1.5 միլիարդ եվրո արժողությամբ երկրաշարժի վերականգնման ծրագրի զգալի մասն ուղղվել է տուժած տարածքներում ենթակառուցվածքների զարգացմանը։
Թուրքիան կազմել է ՎԶԵԲ-ի՝ 2024 թվականին բոլոր գործառնական տարածաշրջաններում կատարած 16.6 միլիարդ եվրո ընդհանուր ներդրումների շուրջ 16%-ը։ Այս վերջին ներդրումներով ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումները Թուրքիայում գերազանցել են 22 միլիարդ եվրոն։ Թուրքիան շարունակում է առաջ մնալ այնպիսի խոշոր ներդրումային ուղղություններից, ինչպիսիք են Ուկրաինան և Եգիպտոսը։