Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ հարձակմանը. մեզ Իրանի հետ զորավարժություն է պետք. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը վստահեցնում է՝ Հայաստանի դե ֆակտո իշխանության վարած քաղաքականությունն Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել և վառում Հայաստանից տարածքներ գրավելու և Հայաստանի նկատմամբ նորանոր ճնշումներ գործադրելու ուղղությամբ. այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Գեղամյանը՝ ընդգծելով.

«Ագրեսորի համար ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառում՝ ի պատասխան հնչեցվող պահանջների խոսելով խաղաղության մասին։ Ադրբեջանը մարդասպան պետություն է՝ բառիսուղիղ և փոխաբերական իմաստով, իսկ Հայաստանի Կառավարությունը կանաչ լույս է վառում, որ համապատասխան աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակ ագրեսորը նոր տարածքներ պոկի Հայաստանից»։

Վերջինիս դիտարկմամբ՝ Ադրբեջանի համար ստեղծվել է նպաստավոր իրավիճակ՝ շատ հեշտությամբ պատրաստվելու հաջորդ պատերազմին, որովետև տեսնում է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը գործի չի դնում էսկալացիա կասեցնող կամ կանխող որևէ ռեալ մեխանիզմ։

Կարդացեք նաև

«Ադրբեջանն անխոչընդոտ պատրաստվում է հաջորդ հարձակմանն ու ագրեսիային, որովհետև Հայաստանը կասեցնող մեխանիզմ չի գործադրում։ Ոչ թե Հայաստանը չունի նման մեխանիզմներ, այլ ՀՀ այս իշխանությունը՝տվյալ խմբավորումը, ունակ չէ առկա մեխանիզմները գործարկել, իրականում զսպել Ադրբեջանին, հետևապես, երբ ասում են, թե մենք ռեսուրսներ չունենք, իրականում այդպես չէ, ունենք, պարզապես իրենք ունակ չեն դրանք աշխատեցնել»,-ասաց Գեղամյանը՝ ընդգծելով՝ առաջին ամենամեծ ռեսուրսը Հայաստանի Զինված ուժերն է, որը հզորացնել է պետք, ինչը, սակայն, այս իշխանությունը չի անում, ընդհակառակը, ավելի է թուլացնում. օրինակ, թուլացրեց Տավուշի մարզում, որտեղ ԱդրբեջանինՀայաստանի ԶՈՒ-ն կարողանում էր արդյունավետ հակազդել. այս իշխանությունն այդ ամուր պաշտպանական գիծը հանձնեց Ադրբեջանին։

Հարցին՝ իսկ արդյո՞ք Ադրբեջանի ռազմական ագրեսիային հակազդելու մեխանիզմ չէ այսօր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, պատմական գիտությունների թեկնածուն պատասխանեց՝ նախ՝ դրա բովանդակության մասին որևէ մանրամասն հայտնի չէ, փոխարենը՝ ամերիկյանի կողմից ունենք տեղեկատվություն, որ այս փաստաթուղթն իրական ռազմավարական գործընկերության օրակարգ չի նախատեսում. ամերիկյան զենք և զինվոր Հայաստանում չենք տեսնելու, սակայն, ՀՀ դե ֆակտո իշխանության կողմից հայ հանրությանն այլ բան է մատուցվում. այս փաստաթուղթը ներկայացվում է այլ դիտանկյունից։

«Հայաստանի անվտանգությունը, բառիս բուն իմաստով, կախված է Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումից.սա փաստ է։ Հիմա, երբ ՀՀ դե ֆակտո իշխանությունն անում է քայլեր, որոնք այս երկու պետություններին մտահոգում են, դա կարող է խախտել Հայաստանի վերաբերյալ առկա ստատուս-քվոն պահելու որոշումն այն դեպքում, երբ չկա Իրանի և Ռուսաստանի հայանպաստ դիրքորոշման այլընտրանքը, իսկ նման զարգացումը մեզ համար խնդահարույց է։ Եթե իշխանությունն անում է քայլեր, որոնք ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ, նշանակում է՝ ՀՀ այս իշխանությունն ինքը կրակում է իր ոտքին, որովհետև չունի շռայլություն իր շահակից երկու երկրների՝ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու»,-ասաց Գեղամյանը։

Նրա խոսքով՝ ռեալ՝ գետնի վրա Հայաստանի անվտանգության մակարդակը, իրականում, կբարձրանար, եթե, օրինակ, Իրանի հետ Հայաստանը համատեղ զորավարժություններ անցկացներ, և իրանական զորք տեղակայվեր Հայաստանի խոցելի հատվածում՝ Սյունիքում։

«Զորավարժություն է պետք անել Իրանի հետ՝ Սյունիքում Ադրբեջանի ախորժակը զսպելու համար»,-խոսքը եզրափակեց պատմական գիտությունների թեկնածուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս