ԱՄՆ-ն ՀՀ-ից կպահանջի միանալ պատժամիջոցների երրորդ երկրների դեմ․ Լավրովը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին
«Կարևոր չէ, թե ԱՄՆ-ի հետ ինչ համաձայնագիր է ստորագրվում, կարևոր է, թե ինչ է այն ենթադրելու»,- այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրվող փաստաթղթին։
Ինչպես ՀՀ ԵՄ անդամակցության որոշման դեպքում, ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ևս Լավրովն ասաց, որ դա ինքնիշխան երկրների որոշումն է։
Սակայն, ըստ Լավրովի, գլխավորն այն չէ, թե ինչ է ստորագրվում, և ինչպես է փաստաթուղթը կոչվում, գլխավորն այն է, թե ինչ է ենթադրում այդ փաստաթուղթը։
«Մեր մոտ ևս մի շարք համաձայնագրերի դեպքում կիրառվում էր ռազմավարական գործընկերություն տերմինաբանությունը, սակայն երբեք համաձայնագրերը չեն ենթադրել այս կամ այն կողմի համար հանդես գալ երրորդ կողմի դեմ։ Ժամանակակից աշխարհում՝ խաղաղ ժամանակ, մենք երբեք չենք ամրագրել, որ ռազմավարական գործընկերներ ենք, ուստի մյուս կողմը պետք է միանա պատժամիջոցների երրորդ երկրների դեմ, ինչպես Սերբիայից են պահանջում։ Հայաստանից ևս պահանջելու են»,- ասաց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։