Թուրքիայի կառավարությունում և իշխող կուսակցությունում փոփոխություններ են սպասվում
Թուրքական լրահոսում շրջանառվող կուլիսային լուրերի համաձայն՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և երկրի կառավարության կազմում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Տեղեկությունը տարածվել է «Ekonomim» լրատվակակայքում՝ «Besti Karalar» կեղծանունով ստորագրված ինֆորմացիայի հիման վրա։ Առաջ է քաշվում փոփոխությունների 2 սցենար:
Ըստ առաջինի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկությամբ «ԱԶԿ»-ի 8-րդ համագումարը տեղի է ունենալու փետրվարի 23-ին, որին էլ կնախորդեն այդ փոփոխությունները:
«Համագումարից մի քանի օր առաջ կառավարության կազմը կարող է փոխվել, իսկ նրանք, ովքեր դուրս կմնան կառավարությունից, կհամալրեն կուսակցության գործադիր կառավարման և կենտրոնական կառավարման խորհուրդները»,- նշվել է կայքում:
Երկրորդ սցենարի համաձայն՝ փոփոխությունները կարող են լինել փետրվարի 23-ից, սակայն այս անգամ առաջին օղակը լինելու է իշխող կուսակցություն կազմը:
«Փետրվարի 23-ին կարող են փոխվել ԱԶԿ կուսակցության գործադիր կառավարման խորհրդի անդամները: Նույնը օրը նաև կարող է հայտնի դառնալ կենտրոնական կառավարման խորհրդի անձնակազմը, իսկ գիշերը՝ կարող է փոխվել կառավարության կազմը»:
Հարկ է նշել նաև, որ մինչ համագումարի կայանալն Էրդողանը հանդիպումներ է ունենալու իր կուսակից պատգամավորների հետ: Հանդիպումն անցկացվելու է 5 փուլով՝ պատգամավորների առանձին 5 խմբի հետ:
Նշենք նաև, որ «Ekonomim»-ը սա կապում է 2024-ի մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած կուսակցության պարտության հետ:
Ընտրությունների ավարտին կուլիսային լուրեր էին պտտվում նույնիսկ այն մասին, թե Էրդողանն անձամբ դժգոհ է իր կուսակցության աշխատանքից, ինչից էլ ենթադրվել են առաջիկա փոփոխությունները: