Բաքվում սկսվել է լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի դատավարությունը, որը մեղադրվում է լրտեսության համար։ Նրան սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
2023 թվականի դեկտեմբերին ձերբակալված Ռայանին Ադրբեջանը մեղադրում է Թուրքիայի և Պակիստանի հետ իր ռազմական համագործակցության մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու ու նաև ֆրանսախոս ադրբեջանցիների հավաքագրելու գործում ֆրանսիական հետախուզությանը օգնելու համար։
Ռայանը դատարանին նշել է, որ իրեն «մասամբ մեղավոր» է ճանաչում՝ ընդունելով, որ հնարավոր է կատարել է իրեն վերագրվող գործողությունները, սակայն անգիտակցաբար և ակամա և պատրաստ է դատաքննության ընթացքում ներկայացնել դա հաստատող ապացույցներ։
Ռայանը Ադրբեջանում աշխատում էր սննդամթերք ներկրող ընկերությունում, որը նաև խորհրդատվական ծառայություններ էր առաջարկում։ Դատախազները պնդում են, որ նա նաև նպաստել է ֆրանսիական հետախուզության և Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլիի միջև կապին, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ և մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման։ Մամեդլին երկուշաբթի օրը կայացած նիստում իրեն մեղավոր չի ճանաչել։