Չինաստանում շուկայում հրդեհ է բռնկվել. զոհվել է 8, վիրավորվել 15 մարդ
Ութ մարդ զոհվել, 15 հոգի վիրավորվել է հրդեհի հետեւանքով, որը շաբաթ օրը բռնկվել է Հեբեյ նահանգի Չժանցզյոու քաղաքի Ցյաոսի շրջանի (Չինաստանի հյուսիս) շուկայում, տեղեկացրել է «Սինհուան»՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Հրդեհն սկսվել է տեղի ժամանակով ժամը 08.40-ին շուկայում, որտեղ վաճառվում են բանջարեղեններ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ։ Հրշեջները արագ արձագանքման բրիգադների եւ բուժաշխատողների հետ միասին եկել են պատահարի վայր՝ փրկարարական աշխատանքների իրականացման համար։ Առավոտյան ժամը 10.10-ին հրդեհը մարված էր։
Որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են կեսօրին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է բավարար, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հրդեհի պատճառը պարզվում է: