Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերսկսվել է բողոքի ցույցը
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերսկսվել են բողոքի ցույցերը, հայտնում է Interpressnews-ը։
Արդեն մեկ ամսից ավելի ցուցարարներն ամեն օր հավաքվում են Ռուսթավելի պողոտայում։
Ցույցերի պատճառով Ռուսթավելի պողոտայում տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է մնում։
Բողոքի ակցիային այսօր միացել են Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի ուսանողները, շրջանավարտները և պրոֆեսորադասախոսական կազմը։
Այսօր ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Օրբելիանիների պալատի մոտ, որտեղ նրանք լսել են Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը։
Այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին լքեց Օրբելիանիների պալատը, ցուցարարները շարժվեցին դեպի Ռուսթավելի պողոտա՝ բողոքելու Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության դեմ:
Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո և ոստիկանական ուժերի հեռանալուց հետո մի քանի ցուցարարներ ձերբակալվել են Կաշ-Վետի եկեղեցու մոտ:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով, բոլոր վեց ձերբակալվածներն ավելի ուշ ազատ են արձակվել գրավոր համաձայնագրերի ստորագրումից հետո։