Նիկոլը շատ լավ է գիտակցում իր պատմական մեղքը, նա մնալու է՝ որպես ավերող, եղածը մսխող, պետություն կործանող․ Արամ Մանուկյան
Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավերը վաղուց ծանոթ սցենար և վարվելակերպ է։ Իհարկե, նա շատ լավ գիտակցում է իր պատմական, ոչ սովորական մեղքը։ Այն, որ ինքն անիծված է լինելու և դատվելու է, դա էլ քիչ է։ Նա մնալու է՝ որպես չարագործ, ավերող, եղածը մսխող, դարեր անց ձեռք բերած պետականությունը կործանող։ Փաշինյանը շատ լավ է գիտակցում սա և, բնականաբար, փորձելու է տարբեր ճանապարհներով կոծկել դա։ Բայց մարդուն դատում են ոչ թե դատարանում իր մեղա գալու ճառերով, այլ փաստերով։ Այսինքն, Փաշինյանի ասածները, ելույթները, արդարացումները ոչինչ են այն մեղադրանքի առջև, որն ինքը գործել է, իսկ դա հստակ է։ Ցանկացած գործչի, ղեկավարի դատում են ստացածի և հանձնածի տարբերությամբ։ Նա ստացել է 42 հազար քառակուսի կիլոմետր, հանձնելով՝ թողել է արդեն 29 հազար 400-ը, 120 հազար տեղահանվածի և ցեղասպանություն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Փաշինյանը կործանել է դարերի վաստակն ու երազը և դեռ փորձելու է մեղավորներ գտնել, բայց դա իրեն չի փրկի։ Ցանկացած դատավոր, որը փաստերով է առաջնորդվում, դատելու է նրան։ Իսկ Փաշինյանին դատելու է ժողովուրդը և խիստ է դատելու, նա փրկություն չունի։ Փաշինյանը կործանել է դարերի երազը, հավաքված էներգիան, որը պոռթկացել և դարձել է արցախյան շարժում, պետականություն, Ղարաբաղի ազատագրում։ Այդ մարդը կործանել է այս երեք արժեքները, և նրան չկա ո՛չ փրկություն, ո՛չ ներում, ո՛չ մեղա։ Բայց հիմա դա մեզ բացարձակ չպետք է հուզի։ Թող այդ արդյունքները մնային, ինքն էլ լիներ լավագույնը, լավ ապրողը։ Մեզ պետք է հետաքրքրեն Հայաստանի կորուստները»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ժողովրդի մեջ շատերը նրան պատժելու ցանկություն ունեն։ Մեկ-երկու տարի առաջ նրան աջակցողների որոշակի թիվ կար, հատկապես գյուղական շրջաններում։ Հիմա ատելությունն է բարձրանում և գերիշխում, և նա վախենում է դրանից։ Նա իր անձնական պաշտպանական համակարգն է ավելացնում, վկան՝ այսքան պարեկների գոյությունը, այն դեպքում, երբ ոստիկանության զորքերը, ազգային գվարդիան, որոնք օրենքով սահմանին կրակելու հնարավորություն ունեին, այլևս չունեն այդ հնարավորությունը։ Այսինքն, նա թուլացրել է դրսի պաշտպանունակությունը, ուժեղացրել է ներսինը։ Հայաստանում երբևէ այսքան «պադավատ» և թիկնազոր չի եղել։ Օրինակ, վերջերս Ամերիկյան համալսարանում մի միջոցառում էր, Փաշինյանն էլ պիտի գար, և մոտ 800 մետր շրջագծով բոլոր բարձրահարկ շենքերի գլխին կանգնած էին դիպուկահարներ։ Այսինքն, նա ուր գնում է, մոտավորապես մեկ կիլոմետր շառավղով շենքերը շրջափակվում են, դիպուկահարները բարձրանում են շենքերի վրա, անցուդարձը կանգնեցնում են»,- նշեց Մանուկյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այդ ընտանիքում իրական կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը և ոչ թե Նիկոլ Փաշինյանը․ «Նրանք շատ լավ գիտակցում են իրենց արածը, այնպես չէ, որ չեն տեսնում։ Թեկուզ իրենց հոբբիով՝ Ֆեյսբուքով ու Տիկտոկով հո տեսնո՞ւմ են, թե իրենց նկատմամբ ինչ ատելություն է ձևավորված։ Բայց սա լավ տեղ չի տանելու, և այս ձգվող լարումը կարող է բերել ոչ թե խաղաղ հանգուցալուծման, այլ պայթյունի։ Երբ զսպանակը շատ ես սեղմում, այն կոտրվում է, իսկ երբ ռեզինը շատ ձգում ես, կտրվում է։ Սրանք բնության օրենքներ են, ըստ որոնց՝ ամեն ինչ չի կարող անվերջ մի ուղղությամբ գնալ՝ ձգվել, սեղմվել կամ ճնշվել, այդ ամենը բացվում է»:
«Ցանկալի կլիներ, որ 2021-ին բոլոր ընդդիմադիրները միավորվեին։ Այդ հնարավորությունը կար, Տեր-Պետրոսյանն այդ առաջարկն արել էր, որ բոլորը միավորվեն, ազատվեն այս արհավիրքից, երկիրը փրկեն պատերազմներից և նրա հետևանքներից, բայց ոչ ոք որևէ պաշտոն գրավելու ակնկալիք չունենա։ Սա քաղաքական ճշգրիտ առաջարկ էր։ Ուզո՞ւմ եք ազատվել Նիկոլից՝ եկե՛ք ազատվենք, միասին կարող ենք, ավելի հեշտ կլինի, բայց նաև որևէ մեկս չակնկալենք նրա տեղը զբաղեցնել։ Թող գար ինչ-որ մեկը՝ տեխնոկրատ, հանրային դեմք, թեկուզ ոչ կուսակցական, որը մեկ-երկու տարի հետո կնշանակեր ազատ ընտրություններ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում