
Ադրբեջանի ներկայացուցիչները մեկնել են Ղազախստան՝ ավիավթարի հետաքննության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ղազախստան է մեկնել պաշտոնատար անձանցից կազմված պատվիրակություն՝ Բաքվից Գրոզնի մեկնող և Ղազախստանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի վթարի հետաքննության համար։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական Azertag գործակալությունը։
Ակտաու մեկնած պատվիրակության կազմում են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը, գլխավոր դատախազի տեղակալը, առողջապահության փոխնախարարը, Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության փոխտնօրենը, Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) նախագահը և պետական այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչներ։
Իր հերթին ղազախստանյան «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը գրում է, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանձնարարությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ փոխվարչապետ Կանատ Բոզումբաևի գլխավորությամբ։ Վերջինս արդեն մեկնել է Ակտաու։
Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև ողջ մնացածներ։