ԱՄՆ-ին հաջողվել է մինչև շաբաթվա վերջը երկարաձգել Սիրիայում թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարը
Միացյալ Նահանգները հասել է Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում թուրքամետ ջոկատների և քրդական աշխարհազորայինների միջև հրադադարի ռեժիմի երկարաձգման մինչև շաբաթվա վերջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը:
«Մենք շարունակում ենք շփումները Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի շուրջ։ Ինչպես գիտեք, մենք հրադադարի ենք հասել Մանբիջի շուրջ գտնվող հատվածում։ Հրադադարը պահպանվում է։ Դրա ժամկետը լրացել էր, և այն երկարաձգվել է մինչև այս շաբաթվա վերջը», – ասել է Միլերը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։Դեկտեմբերի 17-ին ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի և ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի միջև հրադադարի ժամկետն սպառվել է։
Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակն (ՍԱԲ) սկսեց «Ազատության արշալույս» գործողությունը, որի նպատակ էր հայտարարվել Սիրիայի հյուսիսում անվտանգության վերականգնումը։ Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ քրդերն ու ՍԱԲ-ը հրադադարի համաձայնագիր են կնքել Մանբիջ քաղաքի շրջանում, որտեղից քրդական ուժերը հեռացել են։ Դրա հետ մեկտեղ սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրները հաղորդել են, որ թուրքամետ ուժերը պատրաստվում են գրավել քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի քաղաքը։