
Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը եւ նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես էլ մի շարք նոր ոլորտներում:Նա կարեւոր ձեռքբերում է համարել Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը:
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ ներկայացրել Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առեւտրատնտեսական, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանմանը վերաբերող հարցերի շուրջ: