
Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կան տասնյակ անհետ կորածներ և 1 զոհ

Հունական Կրետե կղզու հարևանությամբ գտնվող Գավդոս կղզու մոտ շրջվել է անօրինական միգրանտներ տեղափոխող նավ։ Նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով 1 մարդ զոհվել է, 40 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է Հունաստանի ERTNews հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան։ Ձեռնարկվել է խոշոր փրկարարական գործողություն․ դեռևս անհայտ պատճառներով շրջված նավում գտնվողներից փրկվել է 37 մարդ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է առափնյա պահպանության երկու նավ, Հունաստանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի մեկական ուղղաթիռ։
Հեռուստաընկերությունը հայտնել է, որ նույն տարածքում իրականացվել է ևւս երկու փրկարարական գործողություն։ Գավդոս կղզուց 40 ծովային մղոն հարավ նկատվել է մեկ այլ նավ, որում եղել է 47 միգրանտ։
Նրանց կյանքը նույնպես վտանգված է եղել, սակայն փրկարարները կարողացել են բոլորին ապահով հասցնել Պալեոխորա նավահանգիստ։ Փրկարարական երրորդ գործողությունը տեղի է ունեցել Գավդոսից 28 ծովային մղոն հարավ, որտեղ նկատվել էր շուրջ 40 միգրանտի տեղափոխող նավ։