ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կրկին թանկացել է. Sputnik Արմենիա
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։
2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիա-ն գրել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Սակայն այս տարի նոր թվեր են ի հայտ եկել, և դրանք կրկին տարբեր են։
Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր հատվածի վերականգնման համար նախատեսված ծախսերը։ ՏԿԵՆ-ից մեկ ամիս անց ստացված պատասխանում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված
Ախուրիկ- Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնման և վերանորոգման համար, ըստ նախնական գնահատականների, նախատեսված է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նախագիծը ներառում է հետևյալ ծախսերը.
- Մեղրու հատվածի վերականգնում (մոտ 43,8 կմ)` շուրջ 187 մլն ԱՄՆ դոլար։
- Ադրբեջանի հետ սահմանից (Նախիջևան) մինչև Երասխ հատվածը (մոտ 1 կմ)՝ 11,4 մլն դոլար։
- Երասխից Գյումրու հատվածի ենթակառուցվածքի բարելավում (մոտ 197 կմ)` շուրջ 95 մլն ԱՄՆ դոլար։
- Գյումրուց Թուրքիայի սահման հատվածը (մոտ 12,7 կմ)` շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար։
Գումարը ներառում է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում (շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար), նախագծում և շինարարության վերահակողություն (շուրջ 32,6 մլն ԱՄՆ դոլար):
Գնահատումն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Այսպիսով, նախորդ տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս գնահատման զգալի անհամապատասխանություն: Ծրագրի ծախսերի փոփոխությունների դինամիկան հատկապես նկատելի է առանձին հատվածների օրինակով:
Երասխ-Հորադիզ
- Ընթացիկ արժեքը՝ 198,4 մլն դոլար։
- 2023 թվականին ֆինանսների նախարարն այդ հատվածի արժեքը նշել էր 61,5 մլն դոլար։
- 2021 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս հատվածի վերանորոգման արժեքը գնահատել էր 226 միլիոն դոլար։
Գյումրի-Թուրքիայի հետ սահման
- Ընթացիկ արժեքը՝ 32,4 մլն ԱՄՆ դոլար
- 2023 թվականին ֆինանսների նախարարությունն այդ հատվածի արժեքը նշել էր 8–9 մլն դոլար։
- 2022 թվականին նույն հատվածի վերանորոգման արժեքը կազմում էր 17 միլիոն դոլար։
Ավելի վաղ ՏԿԵՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը հանրապետությունում երկաթուղու գործարկումից հետո մեկ տարում կկազմի 4,7 մլն տոննա։
Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին։