
Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչի նոր նախագահի ընտրությունը

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով Վրաստանի խորհրդարան անցած չորս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, հայտարարել են, որ չեն ճանաչի նոր նախագահի ընտրությունը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Միակ լեգիտիմ պետական ինստիտուտը Վրաստանի նախագահն է: Վրաստանի պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը և արտաքին հարաբերություններում երկրի բարձրագույն ներկայացուցիչը մնում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ նրանք նոր խորհրդարանական ընտրությունները համարում են «քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը»։
Վրաստանի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։