Ոստիկանության Չարենցավանի բաժնում ծեծված քաղաքացուն ՆԳՆ -ից այցելել են, ՄԻՊ-ից` ոչ. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հանուն արդարության պետք է նշեմ, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ երեկվա հրապարակումից քիչ անց «Միքայելյան» ԲԿ-ում վերջինիս են այցելել, ըստ իր խոսքերի, ՀՀ ներքին գործերի նախարարության վերահսկողական վարչության ծառայողները, հետաքրքվել կատարվածով և Ա.Օհանյանի առողջական վիճակով։ Այսօր էլ ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողներն են այցելել հիվանդանոց, Ա. Օհանյանից վերցրել բացատրություն՝ կատարվածի վերաբերյալ։

Չնայած իրազեկվելուց անմիջապես հետո կատարվածի մասին տեղեկացրել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, այնուամենայնիվ նշված կառույցից Ա.Օհանյանին որևէ մեկն առ այս պահ չի այցելել, ինչպես նաև նկատելի որևէ գործողություն չի ձեռնարկվել։

Քննչական կոմիտեից ևս որևէ լուր չկա, չնայած նշված կառույցի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության քննիչներն այս պահին առնվազն պետք է ունենային նախաձեռնված քրեական վարույթ, էլ ինչ խոսք ավելի լուրջ քայլերի մասին»։

Տեսանյութեր

Լրահոս