Բաժիններ՝

Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում  տեղի է ունեցել հոգևոր-դասական երաժշտության երեկո

Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 155-ամյակին, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի հիմնադրման 100-ամյակին և 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգևոր-դասական երաժշտության երեկո:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ հոտնկայս Տերունական աղոթքով հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո երեկոն բացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը՝ հնչեցնելով հայ մեծանուն  երաժշտի մշակմամբ տարբեր ստեղծագործություններ:

Այնուհետև հանդես է եկել Մոսկվայի Ա.Գ. Շնիտկեի անվան երաժշտության պետական ինստիտուտի փողային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Կարաբանովի գլխավորությամբ: Վերջինս իր խոսքում նշել է, որ հանդիսատեսի դատին է ներկայացվում Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա ԱՄՆ Իլինոյս նահանգի համալսարանում ստեղծված պիեսը, որը կոչվում է «Հայկական պարեր»:

«Այն ստեղծվել է համալսարանի փողային նվագախմբի համար, որը մեծ հաջողություն է ունեցել: Իրենից ներկայացնում է սիմֆոնիա` կազմված երկու մասից` յուրաքանչյուրը  20 րոպե տևողությամբ։ Առաջին բաժինը  «հավաքակազմ» է` (խմբ.՝ սյուիտ` բաղկացած  ընդհանուր գեղարվեստական մտահղացմամբ միավորված մի քանի ինքնուրույն, սովորաբար՝ հակադիր մասերից), ըստ էության` պոպուրի, իսկ երկրորդ մասը կազմված է գեղջկական  երգերից»,- ասել է փողային նվագախմբի գլխավոր դիրիժորը և ընդգծել, որ նվագախմբի առաջիկա համերգացանկում ծրագիրն ամբողջությամբ ներառված է:

Համերգի նախաձեռնողներից Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարկիսյանցը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Կոմիտասի երաժշտությունը հայ ժողովրդի համար առաջին հերթին վերածնունդ է խորհրդանշում։

«Հաշվի առնելով նաև, որ այս տարի լրանում է Մեծն վարդապետի 155-ամյակը և Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի հիմնադրման 100-ամյակը՝ որոշում է կայացվել նախաձեռնել սույն ծրագիրը՝ ինչպես հարգելով  երկրաշարժի զոհերի հիշատակը, այնպես էլ ապագայի հանդեպ հույս ու հավատ ներշնչելով ժողովրդին»,- նշել է մեր զրուցակիցը:

Ծրագրի գործընկերներից կրթամշակութային նախաձեռնությունների աջակցության «Լազարյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարիա Նազարովան նշել է, որ իրենց համար շատ կարևոր է ազգային-մշակութային ժառանգությունը վեր հանող միջոցառումների կողքին գտնվելը:

«Մենք, իսկապես, ունենք նմուշներ, որոնք  համաշխարհային արվեստի անբաժանելի մասն են, և մեր հիմնադրամի նպատակն է, որ այդ մասին որքան հնարավոր է շատ իմանան։ Դա մեր գենետիկ հարստությունն է, առանց որի մենք գոյություն ունենալ չենք կարող»,- ասել է Նազարովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս