
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի հետ զինադադարի մեկնարկից ի վեր «Հեզբոլլահի» մոտ 25 մարտիկ է սպանել

Իսրայելի բանակի հայտարարության համաձայն, Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի մեկնարկից ի վեր, Լիբանանում «Հեզբոլլահի» հրադադարը խախտած շուրջ 25 զինյալ է սպանվել, գրում է Times of Israel-ը։
Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հրթիռակոծվել են նաև «Հեզբոլլահի» մի քանի տասնյակ դիրքեր։
Նշվում է, որ այս համաձայնագրի համաձայն, «Հեզբոլլահը» պետք է հեռանա Լիբանանի հարավից, որը սահմանակից է Իսրայելի հյուսիսային հատվածին։
Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայված մնալ Լիբանանի հարավում։ Ըստ հրադադարի համաձայնագրի, այն իր զորքերը դուրս բերելու համար մինչև հունվարի վերջը ժամանակ ունի:
Այդ ընթացքում լիբանանյան բանակն աստիճանաբար կստանձնի Լիբանանի հարավի պատասխանատվությունը, և կստեղծվի ամերիկացիների գլխավորությամբ հանձնաժողով՝ հրադադարի հնարավոր խախտումների վերաբերյալ բողոքները քննելու համար: