Զույգերի միջև հարգանքը
Աստված ամեն ինչ իմաստությամբ է ստեղծել: Այլ շնորհներով է օժտել տղամարդուն, այլ շնորհներով՝ կնոջը: Տղամարդուն տվել է առնականություն, քաջություն, որպեսզի դժվար խնդիրների ժամանակ լուծում գտնի, և որպեսզի կինը նրան ենթարկվի: Որովհետև եթե կնոջն էլ տար նույն քաջությունը, ընտանիքը չէր կարող կանգուն մնալ:
Իպիռոյում խոսում էին մի սարսափելի կնոջ մասին. հագնում էր մինչև ոտքերը հասնող սպիտակ շապիկ և միշտ սուր ուներ իր հետ: Ավազակները նրան իրենց մոտ վերցրին: Պատկերացրեք՝ կինը հրոսակախմբի մեջ: Մի անգամ երեխաների հետ մեկ ժամ ճանապարհ էր գնացել դեպի հեռու մի գյուղ, որ մի տղայի իր աղջկա փեսացուն դարձնի: Բայց որովհետև այդ տղան ընդդիմանում էր, բռնեց նրան, դրեց իր մեջքին և գյուղ բերեց: Այսպիսի դեպքերը բացառություններ են: Եթե կանանց զորակոչես և կանանցից բաղկացած մի գումարտակ ստեղծես և այնպես անես, որ տասը սկաուտներ շարժվեն նրանց ուղղությամբ, բոլո՜րը կփախչեն… Կկարծեն, թե թշնամին է:
«Տղամարդը կնոջ գլուխն է»,- ասում է Սուրբ Գիրքը (Եփես. 5.23): Այսինքն` Աստված այնպես ստեղծեց, որ տղամարդն իշխի կնոջը: Այն հանգամանքը, որ կինն է իշխում տղամարդուն, աստվածհայհոյություն է: Աստված սկզբից ստեղծեց Ադամին, և Ադամը կնոջ համար ասաց.
«Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից»(Ծննդ. 2.23): Կինը, ինչպես ասում է Ավետարանը, պետք է վախենա իր տղամարդուց, այսինքն` հարգի նրան, իսկ տղամարդը պետք է սիրի իր կնոջը (տես. Եփես. 5.33): Սիրո մեջ հարգանք կա: Հարգանքի մեջ սեր կա: Այն, ինչ սիրում եմ, նաև հարգում եմ: Եվ այն, ինչ հարգում եմ, նաև սիրում եմ: Այսինքն՝ երկուսն էլ նույն իրողություններն են:
Մարդիկ, սակայն, հեռանում են աստվածադիր այդ ներդաշնակությունից և չեն հասկանում այն, ինչ ասում է Ավետարանը. տղամարդը, սխալ ըմբռնելով այն, ինչ ասում է Ավետարանը, կնոջն ասում է. «Պետք է վախենաս ինձանից»:
Բայց եթե կինը տղամարդուց վախենար, չէր ամուսնանա նրա հետ: Կան որոշ կանայք, որ ասում են. «Ինչո՞ւ կինը պետք է վախենա տղամարդուց: Չեմ ընդունում: Ի՞նչ կրոն է սա: Հավասարություն չկա»:
Սակայն Սուրբ Գիրքն ասում է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. 1.7): Աստծու հանդեպ երկյուղը Աստծու հանդեպ հարգանքն է, պատկառանքը, հոգևոր երկչոտությունը: Այդ երկյուղը Աստուծով հիանալու զգացողություն է արթնացնում: Աստծու հանդեպ երկյուղը սուրբ է:
Այն հավասարությունը, որ կանայք պահանջում են տղամարդկանցից, մինչև ինչ-որ մի կետ կարելի է ընդունել: Այսօր կանայք, քանի որ աշխատում են և ընտրությունների են մասնակցում, մի հիվանդագին վիճակ ունեն իրենց մեջ և կարծում են, որ տղամարդկանց հավասար են: Բնականաբար, և՛ տղամարդկանց, և՛ կանանց հոգիները նույնն են: Սակայն երբ տղամարդը չի սիրում կնոջը, և կինը չի հարգում ամուսնուն, ընտանիքում խնդիրներ են առաջանում: Հին ժամանակներում կնոջ՝ ամուսնուն հակառակվելը շատ վատ էին դիտում:
Այժմ այլ վիճակ է տիրում: Այն ժամանակները ի՜նչ գեղեցիկ էր: Ամուսինների եմ ճանաչում, տղամարդը՝ շատ կարճահասակ, իսկ կինը՝ բարձրահասակ և տղամարդկային հատկություններով օժտված: Այնքան տղամարդ-կին էր, որ մի օր սայլից միայնակ մեծ քանակությամբ ցորեն դատարկեց: Մի անգամ աշխատողներից մեկը, որը նույնպես բարձրահասակ էր, խանգարեց նրան, և այդ կինը բռնեց և մի կողմ նետեց նրան: Սակայն պետք է տեսնեիք, թե ի՜նչ հնազանդ էր իր ամուսնուն, ինչպե՜ս էր նրան հարգում: Ընտանիքն այդպես է կանգուն մնում, այլ կերպ չի լինում:
Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը