2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8 հազար էլեկտրական մեքենա

Կառավարությունը նախատեսում է 2025 թվականին 8000 հազար էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սահմանել 0 տոկոս մաքսատուրք։ Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում։

Այս առաջարկը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշումից, որը նախատեսում է Հայաստանի համար սակագնային արտոնություններ՝ 8000 տրանսպորտային միջոցի ներմուծման համար։Նախագծով նախատեսվում է 8000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ներմուծում առանց մաքսատուրքի՝ 5000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր չունեն, 3000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր և երաշխավորում են տեխնիկական սպասարկում։

Շահառուները չեն կարող օգտվել միաժամանակ երկու տեսակի արտոնություններից։Նախագիծը նախատեսում է արտոնությունները կիրառել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև տարեվերջ։

Նախագծի ընդունման արդյունքում կխթանվի Հայաստանում էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օգտագործումը, կնվազի արտանետումների քանակը՝ նպաստելով էկոլոգիական իրավիճակի բարելավմանը, կավելանա տրանսպորտային միջոցների գնման և սպասարկման մրցակցությունը։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ծախսեր պետական բյուջեից չի պահանջում։Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և նախատեսում է աջակցել Հայաստանի կառավարության՝ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման քաղաքականության նպատակներին։

Տեսանյութեր

Լրահոս