
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին բուք է

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։