Ձերբակալեցին նաև մեթադոն իրացնողին
Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին:
Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված էր «Մեթադոնային լուծույթ», մյուսին` «ՎԳ»: Տղամարդը հայտնեց, որ տարաներում մեթադոն է, ձեռք է բերել անձամբ օգտագործելու համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն: Սակայն քրեական ոստիկանները դեռ անելիք ունեին:
Շարունակելով իրացնել արդեն ճշտած տեղեկությունները` նրանք ձերբակալեցին և նախաքննական մարմին ներկայացրին նաև Գյումրու Տիմիրյազևի փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդու: 40-ամյա տղամարդը իր ձերբակալվելուց մոտ կես ժամ առաջ հենց նրանից էր ձեռք բերել մեթադոնով տարաներից մեկը:
55-ամյա տղամարդը կալանավորվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: