Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռների մատակարարումներն Ուկրաինային. Bloomberg
Բրիտանական կառավարությունը վերջերս Ուկրաինային մատակարարել է Storm Shadow թևավոր հրթիռների լրացուցիչ խմբաքանակ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների:
«Այդ հարցին ծանոթ մարդկանց խոսքով՝ Միացյալ Թագավորության կառավարությունը վերջերս Ուկրաինային մատակարարել է ևս տասնյակ Storm Shadow թևավոր հրթիռներ», – ասվում է հրապարակման մեջ: Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել։
Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ այդ մատակարարումներն առաջին անգամ են իրականացվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի օրոք, որը խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։ Հրթիռներն ուղարկվել են դեռ մինչև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ուկրաինային թույլատրվում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին:
Ըստ աղբյուրների՝ նոր մատակարարումների պատճառն այն էր, որ «Կիևում սպառվել էին գործողության մեծ շառավղով հրթիռները»։
Bloomberg-ը հիշեցնում է, որ Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովում Սթարմերը հայտարարել էր, որ իր կառավարությունը «կրկնապատկում է» Ուկրաինային աջակցությունը, սակայն հրաժարվել էր մանրամասներ հայտնել։ Հրապարակման մեջ նշվում է, որ Լոնդոնը չի հայտնել, թե հակամարտության ժամանակ քանի Storm Shadow հրթիռ է ուղարկել Կիևին։
Անցյալ շաբաթ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նախկին ղեկավար Ջերեմի Քորբինն իր սոցիալական հարթակներում Սթարմերից պահանջել է խորհրդարանին հաշվետվություն ներկայացնել, թե արդյոք բրիտանական հրթիռներով հարվածներ են հասցվել Ռուսաստանին, և «բրիտանական հանրությանը հայտնել, թե արդյոք դա նշանակում է, որ մենք այժմ պատերազմական վիճակի մեջ ենք գտնվում միջուկային տերության հետ»: