Բաժիններ՝

Սիրիայում իսրայելական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել. ԶԼՄ-ներ

Իսրայելի կողմից սիրիական Պալմիրա քաղաքի երեք տարբեր թիրախներին հասցված հարվածների հետևանքով 49 մարդ է զոհվել, ավելի քան 50 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը։

Նշվում է, որ զոհերի մի մասն Իրանի կողմից աջակցվող աշխարհազորային խմբավորումների սիրիացի անդամներ էին։

Ըստ հրապարակման՝ իսրայելական ավիահարվածների թիրախում է եղել երկու դիրք, այդ թվում՝ զենքի պահեստ արդյունաբերական շրջանում, որտեղ բնակվում էին Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների ընտանիքների անդամներ։

Երրորդ հարվածը հասցվել է Պալմիրայում գտնվող մի դիրքի, որտեղ հանդիպում էին անցկացնում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները, «Ալ Նուջաբա» իրաքյան շարժման հրամանատարները և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի մի ղեկավար։

Իր հերթին Ynet լրատվական հարթակը հաղորդում է, որ իսրայելական հարվածների զոհերի թվում կա Սիրիայի բանակի 10 զինվոր։ Սիրիայի ընդդիմադիր կազմակերպություններից մեկը հաղորդել է, որ զոհերի և վիրավորների թիվը շատ ավելի մեծ է։ 

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պալմիրա քաղաքի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ, 50 մարդ՝ վիրավորվել։

Պատճառվել է զգալի նյութական վնաս շենքերին և շրջակա հատվածին։ Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է այս հարձակումը՝ նշելով, որ Լիբանանի, Պաղեստինի և Սիրիայի դեմ Իսրայելի «հանցագործություններն իրական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս