Փարաջանովյան շունչն ամենուր․ մեկնարկել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսների շարքը
«Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» ցուցահանդեսով մեկնարկեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Փարաջանովի սիրահարները 10 օր շարունակ հնարավորություն կունենան վայելելու ցուցահանդեսների շարքը, որն ուղեկցվելու է տաբեր դասընթացներով: Միջոցառումների շարքը իրականացվում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի կողմից և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
Կողք կողքի կցուցադրվեն «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչների ու աշակերտների ստեղծագործությունները: Միջոցառման կազմակերպիչ և ղեկավար, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ցուցասրահը լցված է փարաջանովյան ոգով, իսկ նպատակը Փարաջանովին վերաարժևորելն է` որպես մարդ, համառ ու համարձակ մտածող, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող, ում նույնիսկ խորհրդային գրաքննությունն ու հետապնդումները չկարողացան լռեցնել:
«10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:
Միջոցառումը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու երիտասարդ սերնդի փարաջանովյան ընկալումներին»,- նշեց Ռուզաննա Երեմյանը: Նա շնորհավորեց «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներին, որոնք հնարավորություն են ստացել իրենց աշակերտների հետ համատեղ ցուցադրություն ունենալ և աշակերտներին, որոնք ստեղծագործել են ու գնացել են Փարաջանովի խենթությունների աշխարհ: