Գյումրիում ցուցադրվեց Շառլ Ազնավուրի առաջին բեմական զգեստը
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100» միջոցառումների շրջանակում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում ցուցադրվեց Ազնավուրի առաջին բեմական զգեստը։ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի, Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։ Ներկայացված են նաև Ազնավուրի մանկության լուսանկարներ և ազդագրեր։
«Զգեստը Շառլ Ազնավուրին նվիրել է նրա հորաքույրը, որով փոքր հասակում առաջին անգամ որպես դերասան բեմ է բարձրացել Ազնավուրը։ Կա նաև տասնամյա Շառլի բեմական լուսանկարը»,- նշեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը՝ տեղեկացնելով, որԱզնավուրի առաջին բեմական զգեստը Գյումրիում կցուցադրվի մինչև հունվարի 15-ը։
«Սա միջթանգարանային հերթական ստացված միջոցառումն էր, որը գերազանց հնարավորություն տվեց Գյումրիում ցուցադրելու մեծ շանսոնյեի առաջին բեմական զգեստը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե փոքրածավալ միջոցառում է, բայց, հաշվի առնելով, թե ով է Շառլ Ազնավուրը հայ ազգի և մասնավորապես Գյումրիի համար, ու տեսնելով այս բեմական հագուստը, որով Ազնավուրը առաջին անգամ բեմ է բարձրացել, ամբողջանում են այն հույզերը, որ ունենք։
Սրանով մենք ամփոփում ենք Ազնավուրին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումները, և պետք է նշեմ, որ քաղաքում չկա գեթ մեկ մշակութային կամ կրթական կազմակերպություն, կամ անհատ կատարող, որը որևէ միջոցառմամբ չի անդրադարձել Ազնավուրին»,- նշեց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ բեմական հագուստը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրել է շանսոնյեի հորաքույրը՝ Աստղիկ Երամյանը։
Հոբելյանական տարվա առիթով այն ցուցադրվել է նաև Երևանում։