
Թուրքիայի բանտերում քրդերեն խոսալն արգելված է

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել բանտարկյալի կարգավիճակում գտնվող ազգությամբ քուրդ Շաբան Քայգուսուզի հետ տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կայսերիի փակ ռեժիմով բանտում գտնվող Շաբան Քայգուսուզն իր ընտանիքի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ խոսել է քրդերեն, ինչը անմիջապես նկատել են բանտախցի հսկիչները: Ընտանիքի անդամները պատմել են, որ զանգն անջատվելուց առաջ բանտապահ հսկիչներից մեկն ասել է՝ «Քրդերեն խոսելն արգելված է», և այդ հուշումից հետո հեռախոսը անջատվել է։
Մեկ ձեռք և մեկ ոտք չունեցող քուրդ հաշմանդամը 7 տարի է, ինչ գտնվում է ազատազրկման մեջ։
«Հեռախոսն անջատվեց, քանի որ նա խոսում էր քրդերեն,- դժգոհել է բանտարկյալի մայրը։ – Բայց մենք մեր լեզուն պաշտպանելու ենք մինչև վերջ. Չնայած բոլոր դժվարություններին ու տանջանքներին՝ Շաբանը չհերքեց իր քուրդ լինելը և չի էլ ժխտի դա այսօրվանից հետո»։