Փակել ատոմակայանը, հրաժարվել ռուսական ուրանից. ինչո՞ւ են բանակցում հարստացված ուրան արտադրող ամերիկյան ընկերության հետ
Նոյեմբերի 11-ին Շվեդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Westinghouse Electric Sweden ընկերության կառավարող տնօրեն Ազիզ Դագի հետ։ Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Միրզոյանի այս հանդիպման արդյունքներով, Արտաքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում. Ավելին՝ առհասարակ նաև տեղեկատվություն չկա այս ընկերության կառավարող տնօրենի նպատակի վերաբերյալ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այդ նպատակի վերաբերյալ իր մտավախությունը հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Ըստ նրա՝ շվեդական այս ընկերությունը զբաղվում է հարստացված ուրան (ռեակտորներ) արտադրելով, իսկ Հայաստանին ուրան պետք է ատոմակայանի ռուսական ուրանի փոխարինման համար՝ ըստ այս իշխանության։
«Westinghouse Electric Sweden ընկերությունն ամերիկյան ամենախոշոր ռեակտորներ և միջուկային կայաններ կառուցող ընկերությունն է, իսկ կոնկրետ այս ընկերության շվեդական մասնաճյուղը, որտեղ գնացել էր Արարատ Միրզոյանը, զբաղվում է հարստացված ուրանով։ Սովետական Միության փլուզումից հետո, որպեսզի երկրներն ատոմակայաններ շահագործեն, նրանց պետք է հարստացված ուրան, որով էլ սկսեց զբաղվել այս ընկերության շվեդական մասնաճյուղը։
Ամենայն հավանականությամբ, Հայաստանի պարագայում խոսքը գնում է Հայաստանի ատոմակայանի՝ Ռուսաստանից ներմուծվող ուրանն այս կազմակերպության ուրանով փոխարինելու մասին։ Սա շատ վտանգավոր է, որովհետև Արևելյան Եվրոպայում այդ հարսացված ուրանի օգտագործումը լրջագույն խնդիրներ է առաջացրել»,- ասաց Մանվելյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս հարցում շատ կարևոր է նաև գնային քաղաքականությունը. ամերիկյան այդ ընկերությունը ռուսական կողմի չափ մեծ զեղչեր Հայաստանին չի կարող անել։
«Կարծում եմ՝ ռուսական էժան ուրանից հրաժարվելու և Ռուսաստանին դուրս մղելու խնդրի առաջ են կանգնեցրել ՀՀ իշխանությանը։ Սա շատ խնդրահարույց է։ Եթե ռուսական ուրանը փոխարինեն այս ընկերության ուրանով, ինչը, կրկնում եմ, ռիսկային է, մենք ոչ միայն ատոմակայանի փակման առաջ կկանգնենք, այլև վտանգավոր այլ խնդիրների՝ ևս»,- խոսքը եզրափակեց Մանվելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։