«Երևանի ավտոբուսը» այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել. Ավինյան
Երևան քաղաքը և մասնավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դա պայմանավորված է նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և դրա սպասարկման խնդիրներով։ Միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից դա կազմում է Երևանի եկամուտների մոտավորապես 15%-ը։ Այսինքն, երբ ասվում է, որ քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի, ապա ասեմ` քաղաքապետարանը սուբսիդավորում է, մասնավորապես, ահռելի չափերով հանրային տրանսպորտը։ Նոր 171 ավտոբուսն էլ այդ ծախսն էականորեն կավելացնեն»,- նշեց Ավինյանը։
Նրա խոսքով` այս ամենից ելնելով, շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցում կատարելը, ինչն ուղղակի քաղաքապետարանի քմահաճույքը չէ, այլ որակի ապահովման և պահպանման միակ բանաձևն է։
Երևանի քաղաքապետը շեշտեց, որ առաջիկա ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես դրա կարիքն ունեն։
Ավինյանը նաև հանձնարարական տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին, որպեսզի վարորդների խնդիրներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում պահվեն։
Նա ընդգծեց` հանրային տրանսպորտի ոլորտում այժմ կարևոր անցումային շրջան է, և հույս հայտնեց, որ բոլորը կկարողանան անցում կատարել նախկին համակարգից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալ։ Երևանի տրանսպորտային համակարգը 5 տարի կսպասարկի «TelCell» ընկերությունը, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։



