«Թող չմոռանան՝ Գյումրին 2018 թվականից հետո «սև արկղ» է լինելու ցանկացած ուժի համար». Արթուր Գևորգյան
Գյումրի քաղաքում «Բալասանյան» դաշինքի և քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո նոյեմբերի 8-ին ավագանին առաջին նիստն էր հրավիրել՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով, սակայն նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ըստ օրենքի՝ երկշաբաթյա ժամկետում պետք է ընտրեն համայնքի ղեկավար, և այդ պրոցեսը կարող է շարունակական լինել, ուստի չի բացառվում, որ մեկ արտահերթ նիստ նախաձեռնվի։
Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը Գյումրիում ստեղծված իրավիճակը բնորոշեց՝ որպես «նախակոլապսային», ահազանգելով՝ համայնքային 2000 աշխատակիցներ մեկ ամիս է՝ իրենց աշխատավարձերը չեն ստացել։
«Առաջին ամենավատ բանը, որը հիմա Գյումրիում կատարվում է՝ համայնքային 2000 աշխատողների աշխատավարձ չստանալն է։ Սա ենթադրում է, որ 2000 ընտանիք չի կարողանալու վճարել, օրինակ, իր երեխայի երաժշտական դպրոցի վարձավճարը, կումունալները, տան վարձը և առհասարակ՝ չի կարողանալու կատարել ցանկացած տիպի ֆինանսական պարտավորություն։ Այս 2000 հոգին աշխատել են, բայց աշխատավարձ չեն ստացել, քանի որ քաղաքապետ չկա, իսկ այն անձը, որը կարող էր ֆինանսական այս պարտավորությունները կատարել՝ աշխատավարձ տար, կալանքի տակ է, մյուս փոխքաղաքապետը ևս հրաժարական է տվել։
Սրա հետ կապված՝ ՀՀ իշխանությունը գոնե պետք է հայտարարություն տարածեր, որ մոտակա 1,5 ամսում 2000 հոգու ֆինանսական պարտավորությունները, այդ թվում՝ վարկերի վճարումները, չկատարվեն, քանի որ սա տեղի է ունեցել հենց իշխանությունների մեղքով։ Դրա համար իշխանությունը պետք է հաշվարկ աներ, մտածեր՝ լավ, եթե այս մարդիկ հրաժարական են տալիս, ո՞վ է նրանց ժամանակավոր փոխարինելու, ո՞ւմ վրա են մնալու պարտավորությունները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Գևորգյանը։
Ըստ նրա, Գյումրիում դեռ իներցիոն կառավարման շնորհիվ իրավիճակը որոշ առումով կայուն է, սակայն ամեն ինչ հարաբերական է, և ամեն պահի իրավիճակը կարող է տեղափոխվել անկայուն դաշտ։
Արթուր Գևորգյանի դիտարկմամբ՝ Գյումրիում քաղաքական առումով տեղի է ունեցել հետևյալը՝ Բալասանյանների կողմից կոալիցիա կազմելուց հետո, բնական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է իր պահանջներն ավելացներ և փորձեր վերցնել իշխանությունը, ինչպես իշխանությունը վերցրեց Ալավերդիում և այլ վայրերում։ Ըստ տարբեր խոսակցությունների, հարցը հասունացել էր նախորդ տարի՝ Արցախի բռնի հայաթափումից հետո, սակայն Արցախի շուրջ եղած համաժողովրդական հուզումները Գյումրիում գործընթացները հետաձգեցին մինչև այս պահը։
«ՔՊ-ն շատ լավ գիտակցում է, որ եթե հիմա նշանակի թեկնածու՝ համայնքապետի ժ/պ, ապա միանգամից պարզ կդառնա, որ իշխանազավթմամբ է զբաղված։ Այս ամենը հասկանալով՝ իրենց ավագանու անդամների ու այլոց միջոցով հայտարարում են, թե իշխանազավթում չեն անելու, ուստի կգնան արտահերթ ընտրությունների, որտեղ առաջարկում են իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։
Գյումրիում կա ընդգծված, ընդդիմադիր հատված, այդ հատվածը ոչ թե իշխանությունը մերժելով, այլ ուղղակի կերպով դժգոհում են իշխանության վարած քաղաքականությունից։ Սրանք ամենատարբեր խմբեր են՝ տաքսու վարորդներ, սոցիալական խոցելի խմբեր, որոնք տեսնում են, որ 6 տարի անցավ, բայց իրենց նպաստներն ու թոշակներն ավելացան ընդամենը 2-3 հազար դրամով, մարդիկ են, որոնք անվտանգության երաշխիքներ են ուզում»,- շեշտեց Ա. Գևորգյանը։
Նա հիշեցրեց, որ 35 տարի Գյումրին ապրել է՝ սպասելով, որ Արցախի հարցը լուծելուց հետո իր վիճակը կբարելավվի, որովհետև ասել են՝ Արցախի հարցի պատճառով է, որ դու լավ չես ապրում։ Այսօր Արցախը չկա, ու գյումրեցու վիճակը չի փոխվել, այսինքն՝ միֆը, թե Գյումրու, առհասարակ Հայաստանի վատ վիճակը կապված է Արցախի չլուծված հարցի հետ, հօդս է ցնդել։
«Երևանի քաղաքային ընտրությունները լավագույնս արտացոլեցին հասարակության տրամադրություները ՔՊ-ի հետ կապված։ Իշխանությունների վարկանիշի հետ կապված մի քանի լավ հայտարարություններ ազդեցություն չեն ունենա, տեսեք հարցումները, որտեղ հարցվածների մեծ մասը վատ են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։
Նույնիսկ Երևանում 100 դրամանոցների այդ հայտնի պատմությունն իր անուղղակի ազդեցությունն է թողնում Գյումրիում մարդկանց տրամադրություների վրա, բարեկամները զանգահարում ու դժգոհում են։ Որևէ մեկը թող չմոռանա, որ Գյումրին 2018 թվականից հետո իր ակնկալիքներով «սև արկղ» է լինելու ցանկացած ուժի համար, և որևէ մեկը թող չմոռանա ու չմտածի, որ այստեղ ինքը հեշտությամբ կհասնի ինչ-որ բանի»,- եզրափակեց Արթուր Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԿԸՀ-ն հայտնել էր, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Գյումրիի իշխող՝ «Բալասանյան» դաշինքն այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։
ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց՝ տնային կալանքի տակ է։