Բաժիններ՝

Թրամփը և Բայդենը հանդիպում կունենան Վաշինգտոնում

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քննարկումներ է անում այն հարցի շուրջ, թե երբ պետք է գնա Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), որպեսզի հանդիպում ունենա երկրի նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։Իրադրությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ հանդիպման օրը հստակ չէ, սակայն այն կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ Բայդենի մեկշաբաթյա օտարերկրյա այցից առաջ։

Նոյեմբերի 14-ին Բայդենը պետք է մեկնի Հարավային Ամերիկա՝ այցելելով Պերու, Բրազիլիա և Ամազոնի անտառներ։ Այցի ընթացքում Բայդենը կմասնակցի գագաթնաժողովների ինչպես Ասիախաղաղօվկիանոսյան երկրների, այնպես էլ Մեծ քսանյակի երկրների ղեկավարների հետ։

CNN-ը նշում է, որ մեկնումից առաջ այդ ղեկավարների հետ հարաբերությունների մասին Թրամփի տեսակետներին ծանոթանալը Բայդենին պատկերացում կտա իր երկկողմ հանդիպումների բնույթի մասին։Թրամփի թիմը հույս ունի, որ նա Վաշինգտոն կմեկնի առաջին իսկ հնարավորության դեպքում։Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, շնորհավորել նրան ընտրվելու առթիվ և հրավիրել Սպիտակ տուն։

Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նաև «իր հանձնառությունն է հայտնել իշխանության հարթ փոխանցմանը և ընդգծել երկիրը միավորելու շուրջ աշխատելու կարևորությունը»։

Թրամփն իր հերթին հայտնել է, որ բարձր է գնահատում Բայդենի հեռախոսազանգը և նախատեսում է շուտով հանդիպել նրա հետ։ Ըստ CNN-ի ներկայացրած վերջին տվյալների՝ ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։  

Ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից, դեմոկրատ Քամալա Հարիսն ընդունել է իր պարտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս