«Օրենքով գողը» փորձել է հարցեր լուծել. նրան և ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու և մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր: Քննությամբ հիմնավորվել է, որ տարբեր անձինք իրենց հերթին, այդ թվում՝ Պ.Ս.-ն, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Տարբեր քաղաքացիներ իրենց հերթին, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելու, մասնավոր հարցերին առնչվող վեճերն անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար, դիմել են քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող վերոհիշյալ անձին:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Խ.-ն 2023թ․ դեկտեմբերի 25-ին հանդիպել է իրեն դիմած մի կնոջ, ով ներկայացնելով իր խնդիրը՝ հայտնել է, որ նախկին ընկերը, ավտոմեքենաներ գնելու և վարձակալության հանձնելու պատճառաբանությամբ իր սեփական միջոցներից և տարբեր բանկերից ստացած մոտ 10.000.000 ՀՀ դրամը, բնակարանի վաճառքից ստացված 39.000 ԱՄՆ դոլար գումարը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան իրենից վերցրել և չի վերադարձրել:

Հ.Խ.-ն, օգտագործելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ձեռնամուխ է եղել իրեն դիմած կնոջ օգտին խնդիրը լուծելու ուղղությամբ գործողությունների կատարմանը և տված հրահանգների կատարման միջոցով պարզելով գումարներն ու գույքը հափշտակած անձի ինքնությունը, ֆինանսական դրությունը, սոցիալական կարգավիճակը, իրեն դիմած անձին հայտնել է, որ նրա նախկին ընկերը  չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ տրված գումարները վերադարձնելու համար՝ այդ կերպ հարցը համարելով լուծված:Բացի այդ, 2023թ․ դեկտեմբերի 26-ին որպես քրեական հեղինակության՝ Հ.Խ.-ին  դիմել է վերջինիս ծանոթը՝ որդու և նրա ընկերոջ մտերիմների վեճը լուծելու խնդրանքով: Հ.Խ.-ն ընդունել է իրեն դիմած անձի որդուն և վերջինիս ընկերոջը և առաջացած մասնավոր վեճը լուծելու նպատակով քննարկել վիճաբանության մասնակից անձի կողմից մեկ այլ՝ «Մասիվցի Ժիրո» մականվամբ անձին  դիմելու և նշված անձի օգտին մասնավոր հարցին լուծում տալու հետ կապված հարցերը։

Դրա ընթացքում Հ.Խ.-ն, պարզաբանելով քրեական աշխարհում ընդունված ավանդույթներով և կանոններով գործելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել տվյալ հարցի հետ կապված զրուցել «Մասիվցի Ժիրոյի» հետ և անօրինական ճանապարհով, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, իրեն դիմած նշված երկու անձանց օգտին լուծել վեճը:

Դրանից հետո, մեկ այլ դրվագով, Հ․Խ․-ն 2024թ․ հունվարի 23-ին ընդունել է իրեն դիմած կնոջն ու նրա դստերը: Վերջիններիս օգտին, այն է՝ 2010թ․ կնոջ ընկերուհուն 10.000 ԱՄՆ դոլար պարտք տված գումարը ստանալու կապակցությամբ առաջացած վեճը լուծելու ուղղությամբ խոստացել և ձեռնամուխ է եղել իր քրեական հեղինակությունն օգտագործելով հարցի լուծմանը:

Այդ նպատակով կապ է հաստատել կնոջ հիշյալ ընկերուհու որդու հետ և  առաջարկել պարտք տված 10.000 ԱՄՆ դոլար գումարի փոխարեն ստանալ 4.000 ԱՄՆ դոլար գումար և հարցը համարել լուծված: Սակայն չգոհանալով հարցի լուծման այդ տարբերակով՝ կինը և նրա դուստրը հրաժարվել են Հ.Խ.-ի միջոցով հարցի լուծումից: Այնուհետև Հ.Խ.-ն, Պ.Ս.-ի, Ա.Մ-ի, Ռ.Ն.-ի և Լ.Ն.-ի հետ 2024թ․ հունվարի 17-ին քննարկել են 2023թ․ նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի Ջրվեժ Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության և դրան մասնակից անձանց հետագա գործողությունները՝ պարզաբանելով դրանք խմբավորման սահմանած կանոններին համապատասխան գործելու անհրաժեշտությունը։

Դրանից օրեր անց նա ընդունել է վիճաբանության մասնակիցներին, պարզաբանել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած կանոններով գործելու անհրաժեշտությունը և լուծել է նրանց միջև առաջացած տարաձայնությունները՝ այդ կերպ իրագործելով խմբավորման հետապնդած նպատակները:  2024թ․ փետրվարի 2-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ քննարկել է մեկ այլ վիճաբանության և ծեծկռտուքի հանգամանքները և լուծել դրա մասնակիցների միջև վիճաբանության պատճառով առաջացած տարաձայնությունները:

2024թ․ փետրվարի 18-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով, քննարկել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական տարածքում մի քանի անձանց ծեծի ենթարկելու միջոցով իրենց դիրքը պահպանելու, դրամական միջոցներ հավաքագրելու հանգամանքները:Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, համակցված կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք: Պ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց համակցված կիրառվել է վարչական հսկողությունը, գրավ՝ 15.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք:

Վերջիններիս դիմած երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի     325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք:Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակից, քննությամբ դեռևս չպարզված  անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս