Եթե երկրում չեմ եղել, դա չի նշանակում, որ չէի կարող նիստին հեռավար մասնակցել. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով վկան՝ հանրային մեղադրողին
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին տեղի ունեցավ գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը, ով այս գործով վկայակոչվել է որպես հոգաբարձուների խորհրդի նիստի անդամ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության քարտուղար, ուսանողական խորհրդարանի նախագահ, ուսանողական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:
Հարցաքննության ժամանակ Անի Ռափյանը, ով ներկայումս աշխատում է որպես սրտաբան, ինչպես նաև դասախոսում է ԵՊԲՀ-ում, ասաց, որ այս գործի մանրամասներն ինքն իմացել է քննիչից:
«Ոնց որ դաս լիներ, ինքն էր ինձ ասում՝ սա է եղել, նա է եղել: Միամիտ եմ եղել, ավելի շատ քննիչի ուզած ինֆորմացիան եմ տվել, քան այն, ինչ պետք է ասեի: Եթե հիմա լիներ, ի սկզբանե փաստաբանի հետ կներկայանայի: Այն ժամանակ էլ կօգտվեի իմ իրավունքից ու ցուցմունք չէի տա»,- ասաց վկան:
Այսօր Անի Ռափյանի հարցաքննությունը շարունակվում է: Ինչպես նախորդ հարցաքննության ժամանակ, հանրային մեղադրողները տալիս էին հարցեր, որոնց պատասխանները վկան չուներ. Կա՛մ ի պաշտոնե ինքը չէր կարող տեղեկացված լինել, կա՛մ չէր հիշում:
«Չեմ հիշում, որ բուհի աշխատակիցներից որևէ մեկը դժգոհեր, որ իրենց հանգիստը կազմակերպելու համար գույք է ձեռք բերվելու: Խոսքս ավելի շատ վերաբերում է գործադիր կոմիտեի անդամներին: Բոլորն էլ ուրախ էին»,- ասաց Անի Ռափյանը:
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց նաև՝ բժիշկ Քնարիկ Գինոսյանը, ըստ գործի նյութերի, չի եղել «Հերացի» արհեստակցական կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ, ինչպե՞ս է նա մասնակցել աշխատակիցների հանգիստը կազմակերպելու համար ձեռք բերվող գույքի վերաբերյալ հարցի քննարկմանը, ինչպես նշված է արձանագրության մեջ: Վկան ասաց՝ մանրամասները չի հիշում, դժվարանում է պատասխանել:
Հաջորդիվ վկային հարց ուղղվեց՝ եթե երկրում չի եղել, ինչպե՞ս է մասնակցել նիստին, ինչին վերջինս պատասխանեց՝ եթե երկրում չեմ եղել, դա չի նշանակում, որ չէի կարող նիստին հեռավար մասնակցել: Վկան նաև չէր հիշում՝ ինքը մասնակցե՞լ է տարեկան հաշվետվությունների քննարկմանը, թե՞ ոչ:
Հարցաքննությունը չավարտվեց. Դատավորը հիշեցրեց, որ նախապես իրենք 2 ժամ աշխատելու պայմանավորվածություն են ունեցել: Անի Ռափյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին:
Հաջորդիվ Արմեն Աշոտյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով: Միջնորդությունը նույնպես քննվեց դռնփակ:
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին: