Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,4 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ (2,4 միլիարդ դոլար) վարկ կտրամադրի ավելի շատ սպառազինության ձեռք բերելու համար, այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

Հայտարարությունը հնչել է Ուկրաինայի քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամենօրյա հարվածների ֆոնին։

Վերջին նման հարվածի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել Սումիի շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանին, հաղորդում են տեղական իշխանությունները:

Ուկրաինային տրամադրվող գումարը Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված 50 միլիարդ դոլար վարկի շրջանակներում է, որի մասին հունիսին հայտարարել էր «Մեծ յոթնյակի» խումբը: Այդ ակտիվները սառեցվել էին 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Սառեցված ռուսական ակտիվները գնահատվում են մոտ 300 միլիարդ դոլար:

Վարկը «նախատեսված է որպես բյուջետային աջակցություն Ուկրաինայի ռազմական ծախսերին, ինչը հնարավորություն կտա ուկրաինացիներին ներդրումներ կատարել առանցքային սպառազինության մեջ, ինչպիսիք են հակաօդային պաշտպանությունը, հրետանին և ավելի լայն սարքավորումներ», – ասվում է Հելիի հայտարարությունում, որը տարածել է բրիտանական կառավարությունը:

Ռուսաստանն իր սառեցված ակտիվների օգտագործումն անօրինական է համարել և սպառնացել պատասխան միջոցներով։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից հետո Արևմուտքը սառեցրեց Ռուսաստանի մոտ 276 միլիարդ հարստության հիմնադրամները, իսկ G7 երկրների խումբը հունիսին որոշեց 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային՝ ստացված եկամուտներից:

Տեսանյութեր

Լրահոս