
Սի Ծինփինը կոչ է արել մեծացնել հրթիռային զորքերի հնարավորությունները

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի հրթիռային ստորաբաժանումների իրական մարտունակության բարձրացման անհրաժեշտության մասին։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ ավելի վաղ Սի Ծինփինն այցելել է հրթիռային ուժերի բրիգադներից մեկը և ելույթ ունեցել։
«Անհրաժեշտ է բարձրացնել իրական մարտական և ռազմավարական զսպման կարողությունները և վճռականորեն կատարել կուսակցության և ժողովրդի կողմից առաջադրված տարբեր խնդիրներ»,- ասել է ՉԺՀ-ի ղեկավարը։
Սի Ծինփինը նաև ընդգծել է մարտական պատրաստության համակողմանի ամրապնդման, մարտունակության ամրապնդման, ազգային ռազմավարական անվտանգության և հիմնական շահերի արդյունավետ պաշտպանության և պատերազմի ժամանակակից ձևերի ու մեթոդների փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունը։Նախկինում Սի Ծինփինը հայտարարել էր Չինաստանում ռազմական տեսության ժամանակակից համակարգի կառուցման անհրաժեշտության մասին՝ չինական բնութագրերով, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստության համակողմանի ամրապնդման և Չինաստանի բանակի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։