«Այս մարդիկ միայն թալանում են, եթե մեկ հոգի խանգարում է՝ ամեն ինչ անում են, որ հեռացնեն. նրանց տեղը բանտում է, ոչ թե քաղաքապետարանում». Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու նախորդ նիստը կրկին անցավ միջադեպերով, իրավիճակն ավելի սրվեց, երբ ելույթ ունեցավ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

Նա իր ելույթում նշել էր, որ կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու ամենավատ ձևով է ազդում խոցելի խավերից մեկի՝ երեխաների անվտանգության և առողջության վրա։ Նրա խոսքով՝ մեկ տարի է անցել նոր քաղաքապետի ընտրությունից, բայց իրենք բազմիցս թալանի հետքեր են բացահայտում։

Նա հիշեցրել է լրատվամիջոցներից մեկի բացահայտումը համակարգային կոռուպցիայի վերաբերյալ և նշել, որ 10 մլրդ դրամ մսխվել է Տիգրան Ավինյանի ղեկավարած «ԱՆԻՖ»-ում։

Ըստ նրա, ժողովրդավարական երկրում նման կոռուպցիայի բացահայտումից հետո առնվազն քրեական գործ կհարուցվեր Ավինյանի, այլ ոչ թե երևույթի դեմ։

Կարդացեք նաև

Նրա այս հայտարարություններին արձագանքել էր Տիգրան Ավինյանը՝ ասելով.

«Պարոն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ անում եմ նկատողություն։ Դատարկաբանությանը երբեք չի կարելի արձագանքել։ Դուրս եկեք դահլիճից։ Երեխաների անվտանգությունից ելնելով ձեր նման անձանց չի կարելի դպրոց ներս թողնել։ Թե ձեզ թվում է՝ սա ձեր տունն է, մոտակայքում էլ ձեր կինն է կանգնած, որ կարող եք անպատիժ դուրս գալ այս ամենից»։

168.am-ի հետ զրույցում Պեդրո Զարոկյանն ասաց, որ ճիշտ է՝ Քաղաքապետարանում իրավիճակը խիստ լարված էր, նույնիսկ բանը կարող էր հասնել միմյանց քաշքշելուն, սակայն  դրան չհասավ, խոսակցություններն էլ  Քաղաքապետարանից դուրս չեն շարունակվել։

«Ես ասել եմ, որ պետք է գործ արվի քաղաքի համար։ Այն, ինչը ես պարզ տեսնում եմ, իրենց բացատրում եմ, բայց պարզվում է՝ դրանով իրենց խանգարում եմ, որովհետև իրենք հարստանում են, իրենք այլ նպատակ ունեն, ես՝ այլ, ահա ամբողջ խնդիրը։

Հիմա խոսակցություններ կան, որ կարող են ինձ մանդատից զրկեն, չգիտեմ՝ այս հարցն ինչ կլինի, բայց հնարավոր է՝ անեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Պեդրո Զարոկյանի, եթե իրեն մանդատից զրկեն, ևս մեկ անգամ կապացուցեն, որ իշխանությունները գնում են ավտորիտար ճանապարհով, դա կլինի հակաժողովրդավարական քայլ։

«Այս մարդիկ միայն թալանում են, եթե մեկ հոգի խանգարում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի հեռացնեն։

Այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կա՛մ ինձ հեռացնեն, կա՛մ մենք Ավինյանին հեռացնենք։ Նրան որևէ մեկը չի ընտրել՝ որպես քաղաքապետ, ինքը կոռուպցիայի հիմքով է եկել իշխանության։ Ընդդիմադիր անդամին բանտ են տարել, ու բոլորին ստիպել են քվեարկել, որպեսզի ինքը դառնա քաղաքապետ։

Իրավապահները որևէ բան չեն անում, որովհետև սրանք «պուպուշ» գող-ավազակներ են, սրանց չպետք է ձեռք տան։ Այս երկրում առհասարակ իրավական համակարգ չկա, քրեական գործեր են հարուցում ու տարիներով այդպես թողնում»,- շեշտեց նա։

Ավագանու անդամը վստահ է՝ քաղաքային ներկայիս իշխանությունը վախենում է  գնալ նոր արտահերթ ընտրությունների, քանի որ կոռուպցիայի հիմքով քաղաքային իշխանություն են ձևավորել և պարզ գիտեն՝ եթե գնան արտահերթ ընտրությունների, ապա պարտվելու են։

«Ավինյանի դեմ կոռուպցիայի հիմքով պետք է գործ բացեն ու ինքնամաքրվեն, Արմեն Փամբուխչյանի դեմ՝ նույնպես, և քաղաքապետարանի ողջ վերնախավը պետք է հեռանա։ Նորմալ մարդ գա, մենք էլ քվեարկենք ու նոր քաղաքապետ ունենանք։ Այս մարդկանց տեղը բանտում է, ոչ թե քաղաքապետարանում»,- եզրափակեց Պեդրո Զարոկյանը։

Տեսանյութեր

Լրահոս