Սոթքի հանքավայրի որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի. մարզպետ

Սոթքի հանքավայրի որոշ աշխատակիցներ վերականգնել են աշխատանքը՝ շահագործող ընկերության հետ Գեղարքունիքի մարզպետարանի  տարած աշխատանքի, ունեցած հանդիպումների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: 

«Մարզպետարանը հանքը շահագործող կազմակերպության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել: Դրա արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի»,-ասաց նա: 

2023 թվականին Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ էր արձակում Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ խոչընդոտելով շահագործման աշխատանքներին: Հանքը շահագործող ընկերությունը մայիսի 30-ին հայտարարել էր աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով բաց հանքի շահագործումը  դադարեցնելու և անձնակազմին հարկադիր պարապուրդի ուղարկելու մասին:

Հանքավայրն անցել է ստորգետնյա շահագործման: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը վստահեցրել էր, որ Սոթքի հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է, դա չի կարելի պայմանավորել քաղաքական և աշխարհաքաղաքական գործոններով:

Նա տեղեկացրել էր, որ ներկայում Սոթքի հանքավայրն ունի ավելի քան 200 աշխատակից, որոնց թիվը արտադրական նախագծային հզորությունների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է հասցնել 500-ի: 

Տեսանյութեր

Լրահոս