Բաժիններ՝

ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց թանկարժեք մետաղներին վերաբերող օրենքի նախագծին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետևանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին փոխանցելու օրենքի նախագծին։

Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նա նշեց, որ վերոնշյալ գործակալության լուծարմամբ պայմանավորված՝ Կառավարությունն այս տարվա ապրիլին որոշում է ընդունել հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթը փոխանցել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին։

«Ըստ էության, նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահովումը և, մասնավորապես, լուծարված պետական գանձարանի գործառույթների փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերությանը։

Սրանով լուծում ենք լիազորող նորմի խնդիր և իմ ասած խնդրով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում թանկարժեք մետաղների մասին 2006 թվականի մայիսին ընդունված օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ։

Ակնկալում ենք, որ այս փոփոխությունը կապահովի անհրաժեշտ իրավական հիմքեր իմ նշված գործառույթը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» կողմից իրականացնելու համար»,- նշեց բանախոսը։

Սևակ Միքայելյանի հավաստմամբ՝ փոփոխության արդյունքում կունենանք ԵԱՏՄ և երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականության ապահովում և սպառողների շահերի որակյալ պաշտպանություն։Քվեարկությամբ որոշվեց «Թանկարժեք մետաղների մասին»՝ 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել 1.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.«1.1 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումները ենթակա են փորձաքննության, որի իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս