Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Բելգիայի Ֆլանդրիա շրջանում Հայաստանի պատվավոր հյուպատոս
Բելգիայի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ բելգիացի գործարար Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Ֆլանդրիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Հավաստագրերը Երեւանում Վերկաերենին է հանձնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բերթրանդ Վերկաերենը նշեց, որ այս նշանակումը մեծ հպարտություն եւ, միեւնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է։ «Բելգիայի հայ համայնքի հետ ծանոթ եմ արդեն 12 տարի։ Բիզնեսում իմ գործընկերը՝ Տիգրան Կասաբյանը, հայ է․ միասին ընկերություն ենք ղեկավարում։
Հայերի հանդեպ իմ ընկերական վերաբերմունքն ու մեծ հարգանքը միշտ առկա են եղել, բայց երբեք չեմ մտածել դրանից անդին անցնելու մասին։ Երբ Հայաստան-Բելգիա առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն առաջին անգամ հարցրեց, թե արդյոք հետաքրքրված կլինե՞մ նման պաշտոն ստանձնել, մի պահ կանգ առա ու մտածեցի։ Ոչինչ չգիտեմ այդ պաշտոնի մասին, կինս էլ ասաց «ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես»։ Մի քիչ ուսումնասիրեցի ու հասկացա, որ խոսքը գնում է դեսպանին տնտեսական ու մշակութային հարցերում աջակցելու մասին։ Բայց դա բավարար չէր, քանի որ, երբ ես ինչ-որ բան նախաձեռնում եմ, դա անում եմ հավուր պատշաճի։ Պետք է հասկանայի, թե երկիրը, որը պետք է ներկայացնեմ, դեսպանը ու նրա թիմը, որի հետ պետք է աշխատեմ, որքանով են համապատասխանում իմ էությանն ու արժեհամակարգին։ Առաջին անգամ Հայաստան այցելեցի անցյալ տարի, հայկական հյուրընկալություն ու հրաշալի երկիր տեսա։ Հետո հանդիպեցի դեսպանին ու իր թիմին։ Տիգրան Բալայանի հետ փոխադարձ համակրանքը միանգամից ձևավորվեց, ու հենց առաջին հանդիպման ժամանակ սկսեցինք հազար ու մի նախագիծ քննարկել», – ասաց նորանշանակ պատվավոր հյուպատոսը։
Հայաստանում տեսածից ոգեւորված՝ Բերթրանդ Վերկաերենն արդեն ունի գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար օգտագործում է իր ծանոթությունների ու գործընկերների ցանցը։ Պատվո հյուպատոսը վստահ է՝ Հայաստանը կարող է վերածվել մշակութային, խոհարարական զբոսաշրջության վայրի եւ անում է ամեն ինչ, որպեսզի գաղափարը կյանքի կոչվի։
Բերթրանդ Վերկաերենն ասում է՝ ինքը թիմի մարդ է, սիրում ու գնահատում է թիմային աշխատանքը, հետեւաբար վստահ է, որ թե՛ Հայաստանում Բելգիայի դեսպանի, թե՛ Բելգիայում Հայաստանի դեսպանության հետ բազմաթիվ ոլորտներում հետաքրքիր ու բովանդակալից նախագծեր կյանքի կկոչվեն՝ հանուն Հայաստանի բարգավաճման եւ հայ-բելգիական հարաբերությունների էլ ավելի խորացման։ Լիլիթ Գասպարյան