Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի էական նվազում է նկատվում. «Փաստ»
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկն է, որը զարգացնելու ուղղությամբ իշխանությունները տարիներ շարունակ խոսել են, սակայն խոսքերի համեմատ ունենք իրավիճակ, երբ ամբողջովին չի օգտագործվում Հայաստանի ողջ պոտենցիալը։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն ապագայում ուղղակի կարող է դառնալ ոչ մրցունակ, քանի որ բազմաթիվ երկրներ ուղղակի մրցում են միմյանց հետ ավելի շատ զբոսաշրջիկներ իրենց կողմը գրավելու նպատակով։ Ու ամենակարևոր ուղղությունն այս ոլորտում ծառայությունների մատուցումն է, առաջին հերթին՝ կացության կամ հյուրանոցային։ Իսկ այս ճյուղում Հայաստանն էական թերացումներ ունի։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել Հայաստանի կացության ծառայությունների ոլորտը։ …Ի՞նչ ունենք արդյունքում: Իսկ ունենք այն, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի էական նվազում է նկատվում։
Ըստ զբոսաշրջության կոմիտեի տվյալների, 2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 561 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ. սեպտեմբերին՝ 260 618, այսինքն՝ այս տարի 24 հազարով պակաս զբոսաշրջիկ ենք ունեցել։ Մյուս կողմից էլ՝ ոլորտը դիվերսիֆիկացնելու և բազմակողմ աշխատանք տանելու խնդիր կա։ Որպես կանոն՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների առյուծի բաժինը լինում է Ռուսաստանից։
Այս տարվա սեպտեմբերին ևս դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%): Ու եթե ռուսական ուղղության հետ հանկարծ խնդիր առաջանա, Հայաստանի զբոսաշրջությունն էականորեն կտուժի։
Իսկ ինչ վերաբերում է երկրորդ տեղում հայտնված Վրաստանից եկած զբոսաշրջիկների ցուցանիշներին, ապա այդ երկրից մեր հայրենակիցներն են հիմնականում այցելում, և դժվար է նրանց դիտարկել որպես զբոսաշրջիկ…