Գերմանիան և մի շարք այլ երկրներ Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրեն. Շոլց
Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն։ Դրա մասին Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Օժանդակության փաթեթը կներառի զենիթահրթիռային Iris-T, Skynex, Gepard համակարգեր, հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, ռադարներ, անօդաչու թռչող սարքեր և ռազմամթերք։ Ըստ Շոլցի՝ Գերմանիան հիմնական շեշտը դնելու է հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։
Հոկտեմբերի 11-ի կեսօրին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա։ Նշվել է, որ Շոլցի հետ հանդիպմանը Զելենսկին պետք է խոսի այսպես կոչված «հաղթական ծրագրի» մասին։ Բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։