Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ է փոխանցել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան փոխանցել է Ուկրաինային նախապես խոստացված 600 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթը։
«Մենք հենց նոր Ուկրաինային ենք փոխանցել 600 միլիոն եվրո արժողությամբ օգնության նոր, լայնածավալ փաթեթ», – ասել է Շոլցը։Նրա խոսքով՝ փաթեթը պարունակում է Iris-T SLM հակաօդային պաշտպանության համակարգեր, հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, ինքնագնաց հաուբիցներ, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։
Խոսքն, ըստ ամենայնի, Բունդեսթագում նախապես համաձայնեցված 400 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մասին է, որին հավելյալ միջոցներ են ավելացվել ձմռան ամիսներին աջակցելու համար։
Օգոստոսին գերմանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գերմանիան ստիպված է եղել կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, քանի որ, համաձայն Գերմանիայի կառավարության ընթացիկ բյուջեի պլանավորման, այժմ այդ նպատակների համար նոր միջոցներ չեն հատկացվում: Հստակեցվել է, որ արդեն հաստատված մատակարարումները դեռ կիրականացվեն, սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարության լրացուցիչ հարցումներն այլևս չպետք է հաստատվեն՝ համաձայն Գերմանիայի կանցլերի հրամանի։
Ավելի ուշ կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիան կմնա Ուկրաինային օգնության ամենամեծ դոնորը Եվրոպայում։