ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ երկրի ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Ընթացիկ տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք անցկացրել ենք քննարկում (ԵՄ) անդամ երկրների հետ, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, թե ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները: Եվ մենք որոշեցինք, որ բարձր մակարդակի ոչ մի հանդիպում չենք ունենա Վրաստանի գործող ղեկավարության հետ», – Գերչինսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ոչ մի շփում չի եղել ո՛չ իր կողմից Վրաստանի իշխանությունների հետ, ո՛չ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցկության մասին» օրենքը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անորոշ ժամանակով հետաձգել է «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները։ Իր հերթին ԵՄ-ն սառեցրել է 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Վրաստանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։