Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և Անդրկովկասում իր զորակազմը տեղակայի ՆԱՏՕ-ի հովանու ներքո. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից հավաքված իր «խաղաղապահ» զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ իբր Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը օգնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով ձգձել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը, դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»,-ասել է Բորտնիկովը Աստանայում ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում:
Նման խաղաղապահության հնարավոր բնույթը, նրա խոսքով, արդեն ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված այսպես կոչված «ԵՄ անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը» հետախուզական գործունեություն է ծավալում ի շահ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի՝ Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ:
Բորտնիկովը նշել է, որ սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է Հայաստանի կառավարությանը ստիպել դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում:
«Իսկ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի միջնորդության ամբողջ նախկին փորձը աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում, դաշինքի ամրացումը Անդրկովկասում ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,-ընդգծել է Բորտնիկովը:
ԱԴԾ տնօրենը հավելել է, որ արևմտյան երկրները հետխորհրդային տարածքում նաև այլ հակամարտություններ են հրահրում:
Այսպես, նրա խոսքով, ուկրաինական ուժերի կենտրոնացումը Բելառուսի սահմանի մոտ, հանրապետության օդային տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների հետ կապված բազմաթիվ միջադեպերը, Բելառուսի քաղաքացիների հավաքագրումը Ուկրաինայի զինված ուժերի համար և ուկրաինական հատուկ ծառայությունների դիվերսիոն աշխատանքի ակտիվացումը «նույն նպատակն են հետապնդում՝ հակամարտության սրում, որում կներգրավվեն և՛ Մերձբալթյան երկրները, և՛ Լեհաստանը»:
Բացի այդ, Արևմուտքը Մոլդովային դրդում է Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման։ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն երկրի հետագա ֆինանսական օգնությունն ու եվրաինտեգրման հեռանկարները կապում են Ուկրաինային ռազմական մատակարարումների նյութատեխնիկական ապահովման մեջ նրա տարածքի ընդգրկման և «Մերձդնեստրի հարցի վերջնական լուծման» հետ, ասել է Բորտնիկովը:
Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից՝ 2 տարի ժամկետով և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն)։ Մարտին ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին Եվրամիության հետ համաձայնագիրը: Այս համաձայնագիրը դիտորդներին տալիս է անձեռնմխելիություն և արտոնություններ, ներառյալ ձերբակալությունից և կալանավորումից անձեռնմխելիություն։